ԱՊՀ գործադիր կոմիտեում վստահ են, որ համատեղ ջանքերով Ղազախստանում կարգուկանոնն ու խաղաղությունը շուտով կվերականգնվեն, հայտարարել է գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, հայտնում է Համագործակցության կայքը։

«Մենք խորապես համոզված ենք, որ Ղազախստանի եւ ԱՊՀ երկրների նրանց ընկերների համատեղ ջանքերով խաղաղությունն ու կարգուկանոնը շուտով կվերականգնվեն, եւ Ղազախստանը կշարունակի իր առաջանցիկ զարգացման ուղին՝ ուղղված երկրի տնտեսական ներուժի մեծացմանը, իր քաղաքացիների սոցիալական իրավունքների եւ երաշխիքների ապահովմանը»,- ասվում է Լեբեդեւի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Ղազախստանի վերջին իրադարձությունները մեծ անհանգստություն են առաջացրել ԱՊՀ բոլոր երկրներում։ «Եվ երբ խաղաղ ցույցերը բռնի անօրինական գործողությունների վերածվեցին, որոնք ուղեկցվում էին ջարդերով, կողոպուտներով եւ նույնիսկ սպանություններով, դա լուրջ տագնապ առաջացրեց բոլոր հարեւանների, գործընկերների եւ առավել եւս Ղազախստանի ընկերների շրջանում», - ասաց Լեբեդևը:

«Մեզ միավորում է ընդհանուր ցանկությունն ու նպատակը՝ անել անհրաժեշտ ամեն ինչ Անկախ Պետությունների Համագործակցության  ոչ միայն պահպանման, այլեւ հետագա բարելավման եւ ամրապնդման համար… ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարությունը, ապարատի պատասխանատու աշխատակիցներն այս օրերին անհրաժեշտ աշխատանքային կապեր են պահպանում Համագործակցության երկրների ներկայացուցիչների հետ, փորձում բարոյական եւ կազմակերպչական աջակցություն ցուցաբերել ղազախ ընկերներին։ Անձամբ ես, մեր ինտեգրացիոն կառույցների բոլոր գործընկերները լիովին աջակցում են Ղազախստանի եւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին` սահմանադրական կարգը պաշտպանելու եւ հանրապետությունում օրինականությունն ու կարգուկանոնը վերականգնելու համար»,- հավելել է նա։

Լեբեդեւը նաև նշել է, որ «այս ֆոնին Ղազախստանի ղեկավարության կողմից ընդունված որոշումները, որոնք ուղղված են հանրապետությունում օրինականության, կարգուկանոնի, խաղաղության եւ կայունության վերականգնմանը, ժամանակին եւ ողջամիտ են»:

«Այդ միջոցառումներին աջակցում են ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրները, այլեւ՝ Համագործակցության այլ երկրներ։ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն իր ինտերնետային ռեսուրսներում մանրամասն տեղեկացնում է արտասահմանում հայտարարությունների եւ համերաշխության գործողությունների մասին՝ ի աջակցություն Ղազախստանի ղեկավարության՝ երկիրը խաղաղ ստեղծագործ աշխատանքի վերադարձնելու ջանքերին»,- հավելել է նա։