Հերթական այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ղեկավարների հետ կքննարկեն ԼՂ հարցով Մեդվեդեւի առաջակները:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը, մի քանի օր առաջ իրենց Բաքու կատարած այցելության ժամանակ, այդ առաջարկները քննարկվել են Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Մենք ակնկալում ենք, որ Մոսկվա այցելության ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը կներկայացնի Բաքվի դիրքորոշումը այդ առաջարկների վերաբերյալ»,- հայտարարել է Պոպովը, հավելելով, որ Մեդվեդեւի առաջարկները մանրամասն քննարկման առարկա կլինեն նաեւ Հայաստանի ղեկավարների հետ իրենց հանդիպման ժամանակ:

Իր հերթին, ֆրանսիացի համանախագահ բեռնար Ֆասիեն նշել է, որ միջնորդները մտադիր էին այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ: «Բայց քանի որ նախագահ Բակո Սահակյանը հիմա այնտեղ չէ, մենք դրա փոխարեն հաճույքով այցելել ենք Գառնի եւ Հայաստանի այլ տեսարժան վայրեր»,- ընդգծել է Ֆասիեն:

Հիշեցնենք, որ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին է ներկայացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Երեւան եւ Բաքու կատարած այցի ընթացքում: