Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը կարեւորել է Թուրքիա-Իսրայել բարեկամանական հարաբերությունների վերականգնման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Քլինթոնը հանդիպման սկզբում օրակարգ է բերել նախորդ տարի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո լարված թուրք-իսրայելական հարաբերությունները։ «ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիա-Իսրայել գաղտնի բանակցություններին եւ պատրաստ է ամեն ինչ անել դրանց հաջող ավարտի համար։ Շատ տխուր ենք, որ տարածաշրջանում մեր 2 դաշնակիցների հարաբերությունների մեջ սառնություն կա»,-նշել է Քլինթոնը։
Իր հերթին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նշել է, թե ճիշտ է համարում, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի եւ փոխհատուցում վճարի՝ շեշտելով, որ Թուրքիան չի անտեսի Իսրայելի կողմից բարի կամքով պարզած ձեռքը։
ԱՄՆ պետքարտուղարն անհրաժեշտ է համարել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կրկին աշխուժանա եւ գործընթացը շարունակվի։ «Այս խնդրում պատրաստ ենք 2 կողմին էլ խրախուսել»,-ասել է Հիլարի Քլինթոնը:
Նշենք, որ Քլինթոնը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիրը բարձրացրել է նաեւ թուրքական գլխավոր ընդդիմության ղեկավարների հետ հանդիպմանը։




























