Երեւանի եւ Լիոնի համագործակցությունը շարունակվելու եւ զարգանալու է նոր նախաձեռնություններով ու հստակ ծրագրերով: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Լիոնի քաղաքապետ, Լիոնի համայնքային միության նախագահ Ժերար Կոլոմբի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում կարեւոր դեր ունի ապակենտրոնացված համագործակցությունը:  «Ուրախ եմ, որ համագործակցությունը Լիոնի եւ Երեւանի միջեւ շարունակվում է եւ իր նպաստն է բերում երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Հայ-ֆրանսիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, եւ փոխադարձ համակրանքը հնարավորություն է տվել մեր հայրենակիցներին լիարժեքորեն ինտեգրվելու ֆրանսիական հասարակության մեջ, ամբողջովին դրսեւորել իրենց ունակություններն ու հնարավորությունները»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին, նրա աշխատակազմին եւ Լիոնի խորհրդի անդամներին` հայերի եւ Հայկական հարցի նկատմամբ ուշադրության եւ սատարման համար: «Մեր ժողովուրդը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր հասկանում են իր ցավը, ովքեր ճանաչում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը` պայքարելով ժխտողականության դեմ»,-ընդգծել է ՀՀ նախագահը: