ԵԱՀԿ-ն առաջվա պես պատրաստ է լուրջ աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների կարգավորմանն` ի դեմս  համաձայնեցված ձեւաչափերի: Դրանցից են ԵԱՀԿ Մինսկի խումբը` նախագահությամբ  Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի եւ Ժնեւյան քննարկումը` ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի նախագահությամբ: Այս մասին ադրբեջանական  Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաները:

Նրա խոսքով` Հարավային Կովկասը կարեւոր դերակատարում ունի ԵԱՀԿ-ի ողջ տարածքի  անվտանգության եւ կայունության հարցում, եւ այսօր ԵԱՀԿ-ն տարածաշրջանում ակտիվ է, ինչպես երբեւէ: «Կազմակերպության քաղաքական ղեկավարությունը նպաստում է մեր ղեկավարության ռազմավարական մակարդակի բարձրացմանը, որը տարին մեկ անգամ փոփոխվում է, սակայն ես կարծում եմ նկատել եք, որ ԵԱՀԿ-ն իր քաղաքականությունն իրականացնում է մշտապես եւ հետեւողական»,-նշել է նա:

Ինչպես նշել է Զաները, Ադրբեջանում եւ Հայաստանում կազմակերպությունն աշխատում է ի դեմս տեղական կառույցների` ներքին բարեփոխումներին աջակցելու համար: Զաներն ընդգծել է, որ ժամանակ առաջ հանդիպել է ՄԽ համանախագահների հետ եւ կիսում է նրանց այն կարծիքը, որ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները պետք է համաձայնեցվեն այնպես, որ կողմերը կարողանան անցնել խաղաղ կարգավորման շրջանակային փաստաթղթի մշակմանը: