Գարեգին Բ-ի դեմ ծավալված արշավը պատիվ չի բերում դրա մասնակիցներին։ Այս մասին հուլիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գարեգին Բ-ի մամուլի քարտուղար Վահրամ Մելիքյանը։

Նրա խոսքով,Մայր աթոռ սուրբ Էջմիածինը երբեք դեմ չի եղել քննարկումներին։ «Քննարկումներն ու առաջարկությունները միշտ ողջունելի են, սակայն վերջին ժամանակներս սոցիալական ցանցերում տեղ են գտնում քննարկումներ, որոնք քննարկումներ դժվար է անվանել։ Այդ քննարկումների ժամանակ օգտագործվող բառաֆոնդը, ինչպես նաեւ եկեղեցու հասցեին հնչող վիրավորանքները պատիվ չեն բերում դրանց մասնակիցներին, ովքեր իրենց հայրենասերներ են կոչում»։

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված սոցիալական ցանցերում նմանօրինակ քննարկումները, եւ այդ բանավեճերի համար առիթ չի՞ հանդիսացել արդյոք եկեղեցու սպասավորների վարքը, տեր Վահրամը պատասխանեց. «Չեմ կարող միանշանակորեն ասել՝ ով է կանգնած սրա հետեւում եւ ինչ նպատակներ է հետապնդում. կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա։ Սակայն չնայած քննադատությանը եւ դժգոհության ալիքին՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը շարունակում է հանուն ժողովրդի բարօրության իր գործունեությունը»։

Ինչ վերաբերում է եկեղեցու որոշ սպասավորների վարքին, Մելիքյանի խոսքով, բոլոր կառույցներում էլ վարքի հետ խնդիրներ ունեցող անձինք կան։ «Այդ առումով Մայր աթոռ սուրբ Էջմիածինն ամենաբաց կառույցն է, քանի որ միանգամից հայտնում է եկեղեցու այն սպասավորների մասին, ովքեր եկեղեցուց հեռացվում են իրենց վարքի պատճառով»։

Նշենք, որ վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում Կաթողիկոսի հրաժարականը պահանջող մի քանի խմբեր են ստեղծվել։ Ստեղծվել է նաեւ Գարեգին Բ-ին սատարող խումբ, որը սակայն անհամեմատ փոքրաթիվ է: