Ավստրալիայի արեւելյան ափին հեղեղումների պատճառով զոհվել է տասը մարդ, մի քանի մարդ համարվում է անհայտ կորած։ Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, իշխանություններն ավելի քան 3 մլն ավստրալական դոլար (2,2 մլն ԱՄՆ դոլար) են հատկացրել տարերային աղետի հետեւանքով օթեւանից զրկվածներին նպաստ տալու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Քվինսլենդ եւ Նոր Հարավային Ուելս նահանգների՝ հեղեղումներից տուժած 26 շրջանների բնակիչները կարող են մարտի 1-ից ֆինանսական օգնություն ստանալու հայտ ներկայացնել իշխանություններին։ Յուրաքանչյուր մեծահասակ կարող է հազար ավստրալական դոլար (724 ԱՄՆ դոլար) նպաստ ստանալ, երեխան՝ 400 ավստրալական դոլար (289,6 ԱՄՆ դոլար)»,- ասել է Մորիսոնը՝ հանդես գալով Կանբերայում հրավիրված մամուլի ասուլիսում։

Իշխանություններն ակնկալում են, որ մոտ ժամանակներս դաշնային վճարումների համար կդիմեն Քվինսլենդի հեղեղումներից տուժած 15 եւ Նոր Հարավային Ուելսի 11 բնակավայրերի բնակիչները։ Այդ շրջաններում տների մեծ մասը փլուզվել է հեղեղումներից։ Ինչպես նշում են իշխանությունները, վերջին օրերին մայրցամաքի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ափերին տեղումների քանակը հասել է տարեկան նորմի 80 տոկոսին, բայց քաղաքացիները պետք է համբերությամբ զինվեն, որովհետեւ, ըստ օդերեւութաբանական կանխատեսումների, անձրեւային եղանակը կպահպանվի մինչեւ հաջորդ շաբաթվա կեսերը։

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Դոմինիկ Փերոտը տեղեկացրել է, որ անցած օրը փրկարար ծառայությունը ավելի քան 6 հազար զանգ է ստացել եւ օգնություն ցուցաբերել մոտ հազար մարդու։ «Անհապաղ տարհանման հրամանն արձակվել է տարածաշրջանի 40 հազար բնակիչների համար»,- ասել է նա՝ նշելով, որ երկուշաբթի երեկոյան նահանգում գրանցվել է մահվան առաջին դեպքը՝ կապված հեղեղումների հետ, ինչից հետո զոհվածների ընդհանուր թիվը երկրում ավելացել է՝ հասնելով տասի։ Սիդնեյում հորդառատ անձրեւների եւ Փարամատա գետի ջրերի բարձրանալու պատճառով չեղարկվել է լաստանավերի նավարկությունը, գետափնյա շրջաններում սկսվել են ավազապարկերի տեղադրման աշխատանքները։

Հեղեղումները Ավստրալիայի հյուսիսարեւելյան եւ արեւելյան ափերին սկսվել են շարունակվող հորդառատ անձրեւների պատճառով։ Ներկա պահին տարհանման հրաման է ստացել մոտ 60 հազար մարդ, մի քանի բնակավայրեր Քվինսլենդ նահանգի հարավ-արեւելքում տարհանվել են ամբողջովին, հեղեղվել է տարածաշրջանային ավտոմայրուղիների մի մասը։