Մինչ այժմ Չիլիի Ակատամա անապատում հայտնաբերված չինչորոյի մումիաները համարվում էին ամենահինը, դրանք 7000 տարեկան են։ Եգիպտոսում թաղման նման սովորույթները 5600 տարի առաջ են սկսել կիրառվել։

Իսկ Պորտուգալիայի Սադու գետի հովտում հայտնաբերված մումիաները մոտ 8000 տարեկան են, հայտնում է «Աշխարհի շուրջը» պորտալը՝ վկայակոչելով SceinceAlert-ին։

Գիտնականները կարծում են, որ նախապատմական ժամանակներում մումիֆիկացումը սովորական թաղման պրակտիկա է եղել: Բայց դա բավական դժվար է ապացուցել՝ փափուկ հյուսվածքները ժամանակի ընթացքում քայքայվում են, որքան էլ մումիֆիկացման հմտորեն արված լինի։

1960-ականներին Պորտուգալիայում հայտնաբերված մնացորդները փափուկ հյուսվածքներ գրեթե չեն պահպանել: Ենթադրյալ մումիաները տեղափոխել են Պորտուգալիայի Հնագիտության ազգային թանգարան, սակայն հետազոտությունները դադարեցվել են պեղումների վայրից անորակ լուսանկարների պատճառով:

Վերջերս գիտնականները հայտնաբերել են նախկինում կորած նկարներ, որոնցում երեւում է մնացորդների տեղը։ Սա հնարավորություն է տվել թաղման ծեսը մանրամասն վերականգնել եւ հասկանալ, թե ինչպես են վերաբերվել աճյուններին մինչեւ թաղումը:

Բացի այդ, մարդաբանները մի շարք փորձեր են անցկացրել մարմնի քայքայման վերաբերյալ եւ պարզել են, որ կան մումիֆիկացման նշաններ: Դրանք են՝ խիստ ծալվածված վերջույթները, էկզարտիկուլյացիայի բացակայությունը (անդամահատում՝ առանց ոսկրային հյուսվածքների սղոցման), ոսկորների վրա նստվածքները։