ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը ՏԱՍՍ-ին տված հատուկ հարցազրույցում պատմել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների ընթացքի մասին, ինչպես նաեւ պատասխանել է ՌԴ հատուկ ռազմական գործողության պատճառների եւ նպատակների մասին հարցերին։

Ի՞նչ պատճառներով է պայմանավորված Ռուսաստանի կողմից փետրվարի վերջին Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողությունը։ Մտադիր է արդյոք Մոսկվան հանրությանը ապացույցներ ներկայացնել Կիեւի կողմից Դոնբասի վրա հարձակման նախապատրաստման վերաբերյալ։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման պատճառները հայտնի են։ Այն սկսելու որոշումը արձագանք էր Դոնբասի դեմ Կիեւի ագրեսիվ ռազմական գործողություններին, որոնք փետրվարին զգալիորեն ակտիվացան եւ դեպի մեր տարածք փախստականների զանգվածային արտահոսքի պատճառ դարձան։

Մոտ ութ տարվա ընթացքում հակասահմանադրական պետական հեղաշրջումից հետո Արեւմուտքի աջակցությամբ իշխանության եկած ազգայնական ռեժիմը քաղաքացիական պատերազմ էր մղում Դոնբասի դեմ, գնդակոծում էր խաղաղ քաղաքները։ Ռուսաստանն ամեն ինչ արեց հակամարտությունը դիվանագիտական խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Մենք օգնեցինք Կիեւին եւ Դոնբասին կնքել Մինսկի համաձայնագրերը, նպաստեցինք նրանց երկխոսությանը կոնտակտային խմբում։ Սակայն բոլոր այս տարիների ընթացքում Կիեւը բացահայտորեն սաբոտաժի էր ենթարկում դրանց իրականացումը։

Սրան զուգահեռ Ուկրաինայում իրականացվում էր բռնի ուկրաինացման հակաժողովրդական քաղաքականություն, ոչնչացվում էր ռուսական ամեն ինչ, կոպտորեն ոտնահարվում էին մարդու իրավունքները եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները, ոտնահարվում էր խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությունը, պատերազմ էր մղվում այլակարծության դեմ, ոչնչացվում էին քաղաքական հակառակորդները, նեոնացիզմը ծաղկում էր։ Իշխանությունները ագրեսիվ հակառուսական քարոզչություն էին իրականացնում։ Մարդկանց ուղեղները լվանում էին, նրանց Ռուսաստանի դեմ էին տրամադրում։

Հետաքրքիր է, որ Արեւմուտքն այս ամենի վրա աչք էր փակում։ Եվ հասկանալի է, թե ինչու։ ՆԱՏՕ-ի երկրները զենք էին մատակարարում Ուկրաինային, մարզում էին ուկրաինացի զինվորականներին, վարժանքներ էին անցկացնում։ Վաշինգտոնը 2014-ից 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային։ Ըստ էության, ուկրաինական տարածքում ստեղծվում էր ՆԱՏՕ-ի հենակետ՝ Ռուսաստանի դեմ։ Մենք բազմիցս խոսել ենք մեր մտահոգությունների մասին, առաջարկություններ ենք արել մեր անվտանգության իրավական երաշխիքներ տալու եւ անվտանգության անբաժանելիության սկզբունքը հաստատելու վերաբերյալ։ Սակայն դրանք փաստորեն անտեսվեցին:

Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, ապա Դոնբասի վրա Կիեւի հարձակման նախապատրաստման որեւէ ապացույց չի պահանջվում, քանի որ այդ հարձակումը ութ տարի շարունակ մեր աչքի առաջ մշտական հիմունքներով է իրականացվել։ Կիեւը երբեք լրջորեն չի դիտարկել հակամարտության կարգավորման դիվանագիտական ճանապարհը։ Նա հրետակոծություններ էր իրականացնում, շփման գծում գորշ գոտիներ էր գրավում, տարածաշրջանի ամբողջական շրջափակում էր իրականացնում։ Այսինքն՝ նա շարունակում էր պատերազմը՝ փորձելով սովի ու գնդակոծությունների միջոցով վերցնել Դոնբասը։ Սա ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի ցեղասպանություն։

Այս տարվա սկզբից իրավիճակը սկսեց սրվել։ ԵԱՀԿ դիտորդները ռեկորդներ էին արձանագրում։ Հրադադարի խախտման 15 000 դեպք, որոնցից 7000-ը՝ պայթյուններ։ Իսկ ԵԱՀԿ-ն բոլորովին էլ ամեն ինչ չի գրանցւմ։ Փետրվարի վերջին Ուկրաինայի զինված ուժերի զգալի հարձակողական խմբավորում քաշվեց դեպի Դոնբաս, հրետակոծությունն ու լարվածությունը հասան գագաթնակետին, փախստականների հոսք սկսվեց: Չարձագանքել այլեւս չէր կարելի։ Վերջին կաթիլ դարձան Մյունխենի անվտանգության համաժողովում միջուկային զենքի վերաբերյալ Կիեւի հավակնությունների մասին ուկրաինական հայտարարությունները: Հատուկ ռազմական գործողությունը հարկադրված քայլ դարձավ։ Այն իրականացվում է բացարձակապես օրինական հիմքերով՝ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարությունների խնդրանքով, ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ մասի 51-րդ հոդվածի համաձայն եւ Դաշնային խորհրդի սանկցիայով:

Ի՞նչ հիմնական նպատակներ ու խնդիրներ է հետապնդում այս հատուկ գործողությունը: Ի՞նչ է ենթադրվում Ուկրաինայի ապաազգայնականացում եւ ապառազմականացում ասելով, եւ ունե՞նք արդյոք վստահություն, որ Կիեւը կգնա ապառազմականացման։

Հատուկ գործողության նպատակներն ու խնդիրները բազմիցս բացատրվել են Ռուսաստանի ղեկավարության կողմից։ Սա Դոնբասի մարդկանց պաշտպանությունն է կիեւյան ռեժիմի ագրեսիայից եւ ցեղասպանությունից, Ուկրաինայի ապառազմականացումն է եւ ապաազգայնականացումը, ուկրաինական տարածքից Ռուսաստանի համնար սպառնալիքների վերացումը։ Անհրաժեշտ է բացառել Ուկրաինայում Ռուսաստանի անվտանգության համար վտանգ ներկայացնող համապատասխան տեսակի եւ քանակի սպառազինությունների առկայությունը։ Բացարձակապես անընդունելի է Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ եւ նրա տարածքում ՆԱՏՕ-ի բազաների ու սպառազինությունների տեղակայումը։ Հենց սա է ենթադրվում ապառազմականացում ասելով:

Ի դեպ, այժմ, երբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է ընթանում, ՆԱՏՕ-ի երկրները հայտարարում են, որ շարունակելու են զենք մատակարարել։ Սա անընդունելի ռիսկեր է ստեղծում։ Սպառազինությունները ռազմական թիրախներ են, որոնց համար, ըստ սահմանման, անվտանգություն չի կարող երաշխավորվել։ Ընդ որում, ինչպես պահեստավորման, այնպես էլ տեղափոխման ժամանակ։ Դրանք կարող են դառնալ Կիեւի սադրանքների առարկա՝ Ռուսաստանին հետագա մեղադրմամբ։ Զենքի շարասյունների կազմակերպումը չափազանց վտանգավոր է եւ կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի երկրների միջեւ բախման՝ ամենալուրջ հետեւանքներով։ Այս մասին մենք նախազգուշացրել ենք։

Չափազանց կարեւոր է ամբողջովին ոչնչացնել նացիզմը եւ նացիստական գաղափարախոսությունը, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից երեք քառորդ դար անց վերածնվեցին Ուկրաինայում։ Սա պետք է իրավաբանորեն ամրագրել։

Ուզում եմ ընդգծել, որ հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայի օկուպացման նպատակ չունի։ Ռուսական բանակը չի սպառնում խաղաղ բնակչությանը, չի գնդակոծում քաղաքացիական օբյեկտները։ Բնակչությանը սպառնացող վտանգը գալիս է ազգայնական գումարտակներից, որոնք ահաբեկիչների նման «մարդկային վահաններ» են ստեղծում տեղի բնակիչներից, եւ,իհարկե, այդ վտանգը գալիս է հանցագործների զինված խմբավորումներից։ Իշխանությունները նրանց բաց են թողել բանտերից եւ զենք են բաժանել։ Այ նրանցից է իսկապես պետք է վախենալ, ոչ թե ռուս զինվորականներից, որոնք մարդասիրական օգնություն են հասցնում քաղաքացիներին։

Ինչպիսի՞ն են Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցությունների երկու փուլերի հիմնական արդյունքները։ Հաջողվե՞ց արդյոք որեւէ պայմանավորվածություն ձեռք բերել։ Սկզբունքորեն բանակցությունների քանի՞ փուլ է սպասվում։

Բելառուսում փետրվարի 27-ին եւ մարտի 3-ին կայացած ռուս-ուկրաինական բանակցություններում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման հետ կապված հարցերի մի ամբողջ շարք է քննարկվել։

Բանակցությունները հեշտ չեն ընթացել։ Այնուամենայնիվ, այսօրվա համար գլխավորն այն է, որ պատվիրակությունները պայմանավորվել են խաղաղ բնակչության ելքի համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու եւ խաղաղ բնակչության ելքի ժամանակահատվածում հումանիտար միջանցքների հատվածում ռազմական գործողությունների հնարավոր դադարեցման մասին։

Այս բանակցություններում Ռուսաստանի պահանջները բխում են հատուկ ռազմական գործողության նպատակներից եւ խնդիրներից՝ Ուկրաինայի ապառազմականացման ու ապաազգայնականացման ապահովումից, Դոնբասի ժողովրդի պաշտպանությունից եւ Ուկրաինայի տարածքից Ռուսաստանին սպառնացող ռազմական վտանգի վերացումից։

Ակնկալում ենք, որ առաջիկայում կկայանա երրորդ փուլը։ Թե էլի քանի փուլ կլինի, հնարավոր չէ ասել։ Մենք չենք կորցնում լավատեսությունը եւ հույս ունենք, որ բանակցությունները կանցնեն կառուցողական եւ հնարավորինս արագ կբերեն Դոնբասում խաղաղության վերականգնման, խաղաղ եւ արդար կյանքին Ուկրաինայի բոլոր ժողովուրդների շուտափույթ վերադարձի։

Ղրիմը որպես ռուսական ճանաչելը Մոսկվայի համար սկզբունքա՞յին պայման է Ուկրաինայի հետ բանակցություններում։

Դա նույնիսկ պայման չէ, դա ակնհայտ աքսիոմա է։ Ղրիմի եւ Սեւաստոպոլի վերադարձը Ռուսաստանին բացարձակապես օրինական է, ժողովրդավարական, վերջնական եւ անդառնալի։ Եղել է հանրաքվե, կա ժողովուրդների ինքնորոշման իրավունք՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, կա Ռուսաստանի տարածքային ամբողջականություն։ Սա ոչ մի քննարկման ենթակա չէ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ երկրի անկախության, ՆԱՏՕ-ի, միջուկային զենքի հարցերը չպետք է միայն Ռուսաստանը որոշի, սակայն մնացած աշխարհը, ըստ նրա, պարզվեց՝ անվճռական է եւ ուշացել է այս հարցում։ Զելենսկին կրկին ու կրկին միջուկային զենքի մասին է խոսում։ Այժմ որքա՞ն է հավանականությունը, որ նման զենք Ուկրաինան կարող է ունենալ։

Հենց նրա համար էլ, որ Ուկրաինան նման զենք չունենա, Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է անցկացնում։ Երբ հիմնական նպատակներից մեկը՝ ապառազմականացումը, իրականացվի, Ուկրաինայի տարածքում ոչ մի զենք, նույնիսկ պոտենցիալ սպառնացող Ռուսաստանին, չի տեղակայվի։ Առավել եւս, խոսք լինել չի կարող այն մասին, որ Կիեւը միջուկային զենք ունենա։ Անհնար է պատկերացնել, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե ուկրաինացի նացիստների համար ատոմային ռումբը հասանելի լիներ։

Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելուց, ինչպես նաեւ հատուկ ռազմական գործողության միջոցով նրանց օգնություն ցուցաբերելու Մոսկվայի որոշումից հետո ինչպե՞ս են զարգանում երկկողմ հարաբերությունները: Որոշվե՞լ են արդյոք այն դեսպանները, ովքեր կգնան ԴԺՀ եւ ԼԺՀ: Պատրաստվու՞մ ենք արդյոք ընդունել Մոսկվայում այս հանրապետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին։

Ռուսաստանի կողմից այս երկու հանրապետությունները որպես ինքնիշխան եւ անկախ պետություններ ճանաչելուց հետո մեր երկրներն արդեն կնքել են բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրեր, ինչպես նաեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։ Աշխատանքներ են սկսվել պայմանագրային-իրավական բազայի ստեղծման ուղղությամբ։

Ապագա համագործակցության գործնական հարցերը քննարկվել են փետրվարի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, ԼԺՀ-ի արտաքին գործերի նախարարների եւ ԴԺՀ-ի առաջին փոխնախարարի միջեւ կայացած բանակցություններում: Մեր ղեկավարները պայմանավորվել են, որ մոտ ապագայում խորհրդակցություններ կանցկացվեն առավել օրհասական գործնական հարցերի շուրջ, այդ թվում՝ հյուպատոսական, արարողակարգային, կադրային, ինչպես նաեւ Մոսկվայում հանրապետությունների դեսպանությունների բացման եւ Դոնեցկում ու Լուգանսկում Ռուսաստանի ներկայացուցչությունների բացման հարցերի շուրջ։ Այս խորհրդակցությունների ժամանակ էլ հենց կքննարկվեն բոլոր կոնկրետ հարցերը, որոնք ձեզ հետաքրքրում են։

Որքան գիտենք, հանրապետությունների հետ կապեր են հաստատվում նաեւ ՌԴ այլ նախարարությունների եւ գերատեսչությունների գծով։

Զրուցեց Արտյոմ Պոպովը