Գազայի հյուսիսային մասում շինարարական աշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են հռոմեական գերեզմանոց, որը 2000 տարեկան է եւ ձեւավորվել է, երբ ժամանակակից Իսրայելի ու Պաղեստինի հողերը հռոմեական Հուդա նահանգի մաս էին կազմում:
Ներկայում հնագետները հայտնաբերել են ընդհանուր առմամբ շուրջ 100 գերեզման, որոնցից 20-ն արդեն ուսումնասիրվել են: Երկու գերեզման պարունակել է կմախքների մնացորդներ, ինչպես նաեւ հուղարկավորության համար նախատեսված խեցեղենի հավաքածու:
Գազայի զբոսաշրջության եւ հնությունների նախարարության գործադիր տնօրեն Ջամալ Աբու Ռիդան ընդգծել է, որ դա տարածաշրջանում ամենանշանակալի գտածոներից մեկն է: Բացի այդ, ակնհայտ է, որ այդտեղ հուղարկավորվել են ունեւոր խավի ներկայացուցիչները, ինչի մասին վկայում է է դամբարանների հարուստ զարդարանքը, հաղորդում է Planet Today-ը:
Միջերկրական ծովի արեւելյան ափին ռազմավարական դիրքի շնորհիվ Գազան եղել է հնագույն աշխարհում առեւտրային ուղիների կարեւոր խաչմերուկ: Եվրոպացիները, հյուսիսաֆրիկացիները տարբեր ժամանակաշրջանում անցել են այդ տարածքով, եւ ժամանակակից Գազայում կան զգալի թվով հնագիտական հուշարձաններ:
Ժամանակի ընթացքում Հուդա նահանգում հռոմեական իշխանության օրոք լարվածությունը գնալով աճել է, քանի որ Հուդայի հրեական բնակչությունը դժգոհում էր օտարերկրյա հսկողության եւ հարկերի առնչությամբ, ինչպես նաեւ հռոմեացիների կողմից նրանց կրոնական ավանդույթների նկատմամբ անհանդուրժողականության կապակցությամբ: Դա հանգեցրել էր Հրեական մեծ ապստամբության 66–73թթ. հանուն անկախության, որի հետեւանքով ապստամբները պարտություն էին կրել, իսկ Երուսաղեմում Երկրորդ Տաճարն ավիրվել էր:
Ինչ վերաբերում է Գազային, ապա այն գրեթե գտվում էր փլատակների տակ, երբ հռոմեացիները հսկողություն էին սահմանել Հուդայի տարածքում մ.թ.ա. 63թ. եւ վերականգնել միայն մ.թ. 1-ին դարում:





























