Թուրքիան Ուկրաինայում պատերազմի պատճառով լարախաղացություն է անում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, ինչի մասին վկայում է այն իրողությունը, որ այդ երկիրը կատարում է Սեւ ծովը Միջերկրականի հետ կապող Բոսֆորի ռազմավարական նեղուցը կանոնակարգող օրենքները։
Չնայած Միացյալ Նահանգները ողջունել է Թուրքիայի՝ ռուսական ռազմանավերի անցումը նեղուցներով սահմանափակելու որոշումը, ըստ երեւույթին ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր նավերին նույնպես կարգելվի անցնել նեղուցներով պատերազմի ժամանակ, գրել է Դեմոկրատիայի պաշտպանության հիմնադրամում թուրքական ծրագրի ավագ տնօրեն, Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Այքան Էրդեմիրը Dispatch-ի հոդվածում։
«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից չորս օր հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ երկիրը կսահմանափակի ռազմանավերի, այդ թվում՝ ռուսական, անցումը թուրքական նեղուցներով՝ 1936թ. Մոնտրյոյի կոնվենցիայի համապատասխան, որը կանոնակարգում է քաղաքացիական եւ ռազմական նավերի անցումը Սեւ ծով։ Մի քանի րոպե հետո պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն էր հայտնել Չավուշօղլուին «Անկարայի կողմից պակտի շարունակական կատարման համար»։
Financial Times-ը համամիտ է արեւմտյան շատ մեկնաբանների հետ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումն անվանելով «[Վլադիմիր] Պուտինի հետ սերտ կապեր ունեցող առաջնորդի ցնցող քայլ», եւ հարց է տվել՝ արդյո՞ք սա Արեւմուտքի հետ Թուրքիայի «կապերի վերատեսակավորում» է։
Հետաքրքիր է, որ Ռուսաստանը նույնպես ողջունել է Թուրքիայի գործողությունները։ Անկարայի կողմից կոնվենցիան կիրառելուց երկու օր հետո Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել էր, որ Մոսկվան «ընդունում» է, որ Թուրքիան ապահովում է «պաշտպանությունը»։ Կրեմլը, ըստ երեւույթին, Անկարայի գործողությունները թշնամակուն չի համարում. մարտի 7-ին Մոսկվան ոչ միայն Թուրքիային չընդգրկեց 48 պետությունների ցուցակում, որոնք «ոչ բարեկամական գործողություններ են կատարում Ռուսաստանի դեմ», այլեւ համաձայնեց, որպեսզի Թուրքիայում եւ նրա մասնակցությամբ տեղի ունենան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ նրա ուկրաինացի պաշտոնակցի՝ Դմիտրի Կուլեբայի հանդիպումները։ Նախատեսված հանդիպումը թուրքական ամառանոցային Անթալիա քաղաքում նշանակում է, որ Կրեմլը նախկինի պես Թուրքիան դիտարկում է որպես չեզոք կողմ՝ Կիեւի հետ Ռուսաստանի բանակցությունների դյուրինացման հարցում։
Եթե Անկարայի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի կատարումը այդպիսի հարված դարձավ Ռուսաստանի համար, ինչպես հավաստիացնում են արեւմտյան որոշ մեկնաբաններ, ապա ինչո՞ւ դա չանհանգստացրեց Կրեմլին։ Պատասխանն այն է, որ Էրդողանն այնպես իրականացրեց 1936թ. պակտը, որ փակեց նեղուցները ՆԱՏՕ-ի բոլոր ռազմանավերի առջեւ պատերազմի ժամանակ, ինչը բարիք է Ռուսաստանի համար։ Կոնվենցիան պահանջում է, որպեսզի Թուրքիան սահմանափակի միայն հակամարտող կողմերի ռազմանավերի անցումը, ուստի Էրդողանը փաստորեն Պուտինին ծառայություն է մատուցել։ Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմը այնպես է ձգտում Էրդողանին իր կողմում պահել, որ գովաբանում է կիսամիջոցները։ Սա է Թուրքիայի նախագահի առավելությունը, որը հավասարակշռում է գործողությունները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուկրաինական պատերազմում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Էրդողանի կառավարման 20 տարիների ընթացքում երկիրը գործընկերային հարաբերություններն ամրապնդել է Ռուսաստանի հետ էներգետիկայի, առեւտրի եւ պաշտպանական ոլորտներում։ ՆԱՏՕ-ն Թուրքիային չպարտադրեց հավատարիմ մնալ իր սկզբունքներին, այլ փոխարենը պարգեւատրեց նրան իր անհավատարմության համար։
Պատմաբան Հովարդ Էյսենշտատը Անկարայի վերջին քայլը բացատրել է նրա «աղմկոտ դիվանագիտության» ռազմավարությամբ, որը ներառում է «մասնակցություն այն քայլերին, որոնք ընդգծում են [Թուրքիայի] կարեւորությունը վտանգը նվազագույնի հասցնելու մեջ»։ «Այս ճգնաժամում Թուրքիան փորձել է խաղալ կարեւոր միջազգային մասնակցի դեր, ընդ որում՝ որքան հնարավոր է ավելի քիչ հակադրվելով ՆԱՏՕ-ին կամ Ռուսաստանին»,- նշել է Էյսենշտատը։
Ի տարբերություն ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների, Էրդողանի կառավարությունը ընդդիմանում էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին պատերազմի ամենասկզբից։ Թուրքիան դեմ է ցանկացած պատժամիջոցի երկրի դեմ, ճիշտ այնպես, ինչպես վիճարկում էր Իրանի եւ Վենեսուելայի դեմ պատժամիջոցները։ Անկարան նաեւ օգնել է Կրեմլին՝ ձեռնպահ մնալով փետրվարի 25-ին Եվրոպայի խորհրդի քվեարկության ժամանակ, երբ որոշվում էր Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը։ Ճիշտ նույն կերպ Թուրքիայի օդային տարածքը ՆԱՏՕ-ի վերջին օդային տարածքներից մեկն է, որը բաց է մնում Ռուսաստանի համար։
Երբ Ուկրաինան Թուրքիային խնդրեց փակել թուրքական նեղուցները՝ 1936թ. Մոնտրյոյի կոնվենցիայի համապատասխան, Անկարային երեք օր պետք եղավ, որպեսզի ընդուներ, որ Ռուսաստանի ներխուժումը պատերազմ է, որը կոնվենցիայի նախապայմանն է տարանցման սահմանափակումներ մտցնելու համար։ Մեկ օր էլ պահանջվեց Թուրքիայի կառավարության համար, որպեսզի գործողության մեջ մտցնի Բոսֆորով եւ Դարդանելով ռազմանավերի անցման կոնվենցիոն սահմանափակումները։ Դա կարեւոր քայլ էր, քանի որ Թուրքիան ավելի վաղ տեղի ունեցած ռուսական ագրեսիան Վրաստանում, Ղրիմում կամ Ուկրաինայի արեւելքում պատերազմ չէր անվանել։
Բայց երբ բանը հասնում է Էրդողանի կողմից Մոնտրյոյի կոնվենցիան կատարելուն, մանրուքները շատ կարեւոր են դառնում։ Հոդված 19-ը Թուրքիային թույլ կտար սահմանափակել ռազմանավերի տարանցումը թուրքական նեղուցներով՝ սկսած փետրվարի 24-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման օրվանից։ Սակայն Անկարան ոչ միայն սպասեց մինչեւ փետրվարի 28-ը, մինչեւ որ կողմնորոշվեց իր հավասարակշռության հարցում, այլեւ այդ սահմանափակումները կիրառեց ինչպես սեւծովյան, այնպես էլ ոչ սեւծովյան երկրների հանդեպ՝ փաստորեն փակելով Սեւ ծովը ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համար։ Դա ընտրություն էր, այլ ոչ թե պայմանագրի պահանջ։
Չնայած Մոնտրյոյի կոնվենցիայի 19 հոդվածը թույլ է տալիս Թուրքիային սահմանափակել հակամարտող կողմերին պատկանող ռազմանավերի տարանցումը՝ Էրդողանի կառավարությունը, ըստ երեւույթին, կիրառել է նաեւ հոդված 21-ը, որն ասում է. «Եթե Թուրքիան համարի, որ իրեն անխուսափելի պատերազմի վտանգ է սպառնում», այդ ժամանակ Անկարան կարող է մերժել բոլոր ռազմանավերի անցումը՝ որոշ բացառություններով մերձսեւծովյան երկրների նավերի համար։ Այստեղ մտնում են ՆԱՏՕ-ի բոլոր ռազմանավերը, որոնք կցանկանան մտնել Սեւ ծով։ Ինչպես հավաստիացնում էր Ջիլ Գոլդենզիլը Forbes ամսագրում, «Թուրքիան կարող էր հեշտությամբ փակել անցումը միայն հակամարտող [նավերի] կամ ռուսական նավերի համար։ Ավելի շուտ, նա որոշել է փակել բոլոր ռազմանավերի անցումը, որպեսզի չերեւա, որ Ռուսաստանի դեմ է հանդես գալիս»։
Մոնտրյոյի կոնվենցիան պարունակում է նաեւ հատուկ դրույթներ Սեւ ծովի սահմանակից երկրների համար, որոնք Էրդողանի կառավարության գործողություններն ավելի ընդունելի կդարձնեն Մոսկվայի համար։ Համաձայն 19 հոդվածի՝ սեւծովյան բոլոր երկրների ռազմանավերը կարող են անցնել նեղուցներով այնքան ժամանակ, քանի դեռ այդ նավերը վերադառնում են Սեւ ծովի իրենց բազաներ։ Դա թույլ է տալիս Ռուսաստանին, Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիային ու Ռումինիային շարունակել նեղուցներն օգտագործել իրենց ռազմանավերը Սեւ ծով մտցնելու համար, եթե դրանք վերադառնալու են իրենց բազաներ։ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ այլ երկրի՝ նեղուցներով Սեւ ծով նավեր ուղարկելու անկարողությունը մինչեւ Ուկրաինայում մարտական գործողությունների ավարտը՝ կնշանակի Պուտինի հաղթանակ։
Թուրքիայի նախագահի որոշումը՝ թույլ չտալ, որ ռուսական չորս ռազմանավերը Սեւ ծով անցնեն նեղուցներով Մոնտրյոյի կոնվենցիան կատարելու որոշումն ընդունելուց առաջ, նույնպես թաքուն բարիք է թվում Պուտինի համար։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, չորս նավերից երեքի համար, որոնք Ռուսաստանը ցանկանում էր ուղարկել Սեւ ծով, կարգադրված չէր, որ վերադառնային Սեւ ծովի բազաներ։ Եթե դրանք անցնեին Սեւ ծովով մինչեւ Էրդողանի կողմից Մոնտրյոյի կոնվենցիան կատարելու որոշումն ընդունելը, այդ երեք նավերը կմնային Սեւ ծովում մինչեւ մարտական գործողությունների ավարտը։
Այնուամենայնիվ, Ռուսաստանը կտուժի Մոնտրյոյի սահմանափակումներից։ Սեւծովյան նավահանգիստներ վերադարձող ռուսական ռազմանավերն իրավունք չունեն նեղուցներով մտնել Միջերկրական ծով մինչեւ պատերազմի ավարտը։ Դա թույլ չի տա Պուտինին մատակարարում հասցնել Ասադին Սիրիայում՝ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի նավերի օգնությամբ։ Կրեմլը կարող է շարունակել մատակարարման այդպիսի առաքելությունները՝ օգտագործելով իր Բալթյան, Հյուսիսային եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, բայց, ինչպես հավաստիացնում էր Նիկոլաս Ջ. Մայերսը, «դրա համար կպահանջվեն մատակարարման զգալիորեն ավելի երկար գծեր եւ, հավանաբար, կայանում գտնվելու ավելի կարճ ժամանակ»։
Էրդողանն, ըստ երեւույթին, սկսել է ավելի լավ հասկանալ այն սպառնալիքը, որը բխում է իր վաղեմի բարեկամ Պուտինի աճող իռեդենտիզմից եւ ռազմատենչությունից։ Ինչեւէ, Թուրքիայի նախագահը Ռուսաստանի դեմ կոնկրետ միջոցներ ձեռնարկելու քիչ հնարավորություններ ունի՝ հաշվի առնելով այն, թե ազդեցության քանի լծակ է Պուտինը ստեղծել Թուրքիայի դեմ Էրդողանի կառավարման 20 տարիներին։ Ինչպես ցույց է տալիս Մոնտրյոյի կոնվենցիայի օրինակը, նա ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռվելու անհրաժեշտություն է զգում։ Էրդողանը հույս ունի, որ ոչինչ չկասկածող դիտորդներն Արեւմուտքում կհասկանան, որ Ռուսաստանի դեմ ենթադրյալ հարվածները նշանակում են կամակոր երկրի վերադարձ ՆԱՏՕ-ի գիրկը»։




























