Բոլիվիայի բանակի նախկին սերժանտ Մարիո Տերանը, որը 55 տարի առաջ իրականացրել է լատինամերիկացի հեղափոխական Էռնեստո Չե Գեւարայի մահապատժը, մահացել է 80 տարեկան հասակում, հայտնում է Telesur-ը։
Տերանը մահացել է Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքի հիվանդանոցում։ Նա հոսպիտալացվել էր երեք շաբաթ առաջ՝ թոքերի հետ կապված խնդիրների պատճառով, որից արդեն մի քանի տարի տառապում էր։
Տերանի մահվան մասին հաղորդագրությունները հաստատել է պաշտոնաթող գեներալ Գարի Պրադոն, որը 1967թ․ ղեկավարել է Չե Գեւարային գերեվարած ստորաբաժանումը։
Չե Գեւարայի մահապատիժը տեղի է ունեցել 1967թ․ հոկտեմբերի 9-ին։ Հեղափոխականին սպանելու հրահանգը Տերանին ԿՀՎ-ի աշխատակիցն է տվել, որը ղեկավարում էր նրան բռնելու հատուկ գործողությունը: Սերժանտը M1 Garand կարաբինից ինը կրակոց էր արձակել գերու վրա։
Չե Գեւարան 1966թ․ նոյեմբերին ժամանել է Բոլիվիա՝ պարտիզանական շարժում կազմակերպելու համար։ 1967թ․ հոկտեմբերի 8-ին նրա ջոկատը շրջապատման մեջ է ընկել երկրի հարավ-արեւելքում գտնվող Էլ Յուրո կիրճում։ Հաջորդ օրը կարճատեւ մարտից հետո վիրավոր Չեն գերի է ընկել, իսկ բոլիվիացի սերժանտ Մարիո Տերանը գնդակահարել է հրամանատարին։ Բոլիվիայի ռազմական ղեկավարության եւ ԿՀՎ-ի ցուցումով Չեի դեմքի մոմե դիմակ են պատրաստել եւ կտրել են նրա ձեռքերի դաստակները՝ մատնահետքերը նույնականացնելու համար։ 1997թ․ Չե Գեւարայի մոխիրը Բոլիվիայից տեղափոխվել է Կուբա եւ հանդիսավոր կերպով թաղվել Սանտա Կլարա քաղաքի դամբարանում։





























