Եվրամիության ոստիկանական ծառայությունն սկսում է իր խաչակրաց արշավանքն ընդդեմ «ոչ մահմեդական սպառնալիքների»: Ինչպես հաղորդում է «Վզգլյադը»` վկայակոչելով Euobserver ինտերնետ-թերթը, Եվրոպական ոստիկանությունը ավելի քան 50 մարդուց բաղկացած փորձագիտական խումբ է ստեղծելու` «ոչ մահմեդական» ահաբեկիչների դեմ պայքարելու նպատակով:

Երկար տարիներ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիք էր համարվում մահմեդական ահաբեկչությունը, սակայն հիմա արդեն ակնհայտ է դարձել, որ «ոչ մահմեդական» ահաբեկչությունը եւս կարող է լուրջ սպառնալիք պարունակել իր մեջ, ինչի մասին է վկայում Նորվեգիայում տեղի ունեցած ողբերգությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը հուլիսի 22-ին Նորվեգիայի վարչապետի նստավայրի մոտ պայթյուն էր որոտացել, որից մի քանի ժամ անց իշխող կուսակցության երիտասարդական ճամբարում ոստիկանության համազգեստով անհայտ անձը կրակ էր բացել ներկաների վրա: Ընդհանուր առմամբ, այդ պահին ճամբարում են գտնվել 700 մարդ: Ճշտված տվյալներով, կրկնակի ահաբեկչության հետեւանքով մահացել է 76 մարդ: