Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ այսօր քննարկել են թանգարանի հիմնանորոգմանն ու լրացուցիչ շինարարությանն առնչվող հարցեր։ Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ։
«Բացի այդ, քննարկվել է թանգարանի 45-ամյա հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ նշելու հարցը։ Հանրապետության նախագահը տվեց այս ուղղություններով աշխատելու հստակ հանձնարարականներ։ Շենքում առկա ճարտարապետական մի շարք խնդիրների լուծման նպատակով համապատասխան հանձնարարականներ կտրվեն նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետին: Կարծում եմ՝ թանգարանի պահոցի, նոր ցուցադրությունների որակի հետ կապված հարցերը կարողանանք ամփոփել արդեն հաջորդ տարի։ Թեպետ նախագահի կողմից ցանկություն կար աշխատանքները սկսել ոչ թե մյուս, այլ արդեն այս տարի սեպտեմբերին»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է չորրորդ հարկ ունենալու թանգարանի տնօրենի խնդրանքին, ապա ըստ Հասմիկ Պողոսյանի, այդ մասին լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր կլինի տալ շենքի գլխավոր ճարտարապետի ուսումնասիրություններից հետո։ «Պարզապես խնդիրը բարձրացված է, բայց թե ի՞նչ լուծում կտրվի՝ կասեն համապատասխան մասնագետները»,- նշեց նա:
Ամփոփելով՝ Հասմիկ Պողոսյանը նախատեսված աշխատանքների շարքում կարեւորեց նաեւ պետական ֆոնդերը համալրելու խնդիրը։ «Ժամանակն է, որ մենք մտածենք այս ուղղությամբ. Որքանո՞վ դա կստացվի, եւ ինչպե՞ս կընթանա այդ գործընթացը, պատրաստ չեմ ասելու, սակայն նման նախաձեռնություն մոտ ժամանակներս պետք է անպայման իրականացվի»։
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Մշակույթի նախարար այսօր՝ հուլիսի 26-ին այցելել են Մարտիրոս Սարյանի թանգարան, դիտել հուլիսի 15-ի բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը, ծանոթացել նրա ստեղծագործական կյանքի տարբեր շրջանները ներառող հավաքածուներին:
Նշենք, որ Մարտիրոս Սարյանի թանգարանը «Լինսի» հիմնադրամի կողմից հիմնանորոգվել է 2001 թվականին։




























