Մակդոնալդս ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է մանկական կերակրացանկում կրճատել ավանդական կարտոֆիլի ֆրիի քանակը, փոխարենն ավելացնելով կարամելով պատված թարմ խնձորներ, գրում է Associated Press-ը:

Փորձագետների խոսքով, այդ որոշումը կապված է ԱՄՆ-ում մանկական սննդակարգի նոր ստանդարտների կիրառման հետ, որտեղ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները մտադրություն են հայտնել խիստ վերահսկողության տակ առնել Fast food-ը:

Որոշ ամերիկյան քաղաքներում, այդ թվում Սան-Ֆրանցիսկոյում, մանուկ հասակից գիրության դեմ պայքարի նպատակով արգելել են մանկական ուտելիքների մեջ անվճար խաղալիքների ներառումը:

Այդուհանդերձ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում կիրառվող միջոցների արդյունավետությանը: Այսպես. «Կորպորատիվ պատասխանատվություն» միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Քեյլ Լուայլերի կարծիքով, իր այդ քայլով Մակդոնալդսը փորձում է շրջանցել կիրառվող նորարությունները, որոնք արգելում են անառողջ մանկական ուտելիքի գովազդը եւ պահանջում են բոլոր ռեստորաններից իրենց ճաշացանկում տեղեկություններ տեղադրել ուտելիքների կալորիականության մասին: