ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչնդոտների բացակայության մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտից։
«Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար:
Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում»,- հայտնում են Դատական դեպարտամենտից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս ամիսներ առաջ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում առգրավվել էր համակարգիչը, որով իրականացվում էր քրգործերի բաշխումը: Օրեր առաջ դատախազությունից հայտնել էին, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, եւ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին:





























