Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը կիրակի հայտարարել է խաշխաշի արտադրությունն արգելելու մասին, չնայած, որ գյուղատնտեսները ողջ երկրով մեկ սկսել են հավաքել այն, որից ափիոն են ստանում, որն օգտագործվում է հերոինի արտադրության համար, հաղորդում է Associated Press-ը:

Համապատասխան հրամանագրի համաձայն՝ գյուղացիներին նախազգուշացում է տրվում, որ իրենց բերքն այրվելու է, իսկ եթե նրանք շարունակեն բերքահավաքը, ապա կարող են բանտում հայտնվել:

Նախկինում «Թալիբանը» նման արգելք էր սահմանել նաև 1990-ականների վերջին: Այդ ժամանակ արգելքը փուլ առ փուլ էր ընդունվել եւ ողջ երկրի տարածքում սահմանվել էր երկու տարում: ՄԱԿ-ը հաստատել էր, որ խաշխաշի արտադրությունն արմատախիլ էր արվել երկրի տարածքի մեծ մասում:

Սակայն 2001 թ. թալիբների տապալումից հետո գյուղացիները կրկին սկսեցին աճեցնել այդ բույսը հացահատիկի դաշտերում:  

Խաշխաշի արտադրությունը եկամտի աղբյուր է բազմաթիվ գյուղատնտեսների և այլ ենթակա աշխատակիցների համար, որոնք կարող են ամսական մոտ 300 դոլար վաստակել:

Այսօր Աֆղանստանն ափիոնի խոշորագույն արտադրողն է աշխարհում: 2021 թ., նախքան թալիբների կողմից իշխանության զավթումը, երկիրն ավելի քան 6000 տոննա ափիոն էր արտադրել, որից, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, կարելի էր 320 տոննա մաքուր հերոին ստանալ: