ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է ուղղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկու երկրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ, փոխանցում է Москва 24-ը:

Ուղերձները հրապարակվել են Կրեմլի պաշտոնական կայքում:

«Անցած տասնամյակների ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում բարենպաստ համագործակցության զգալի փորձ են ձեռք բերել: Լավ արդյունք է տալիս ջանքերի համախմբումը ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷՍ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակում, ինչպես նաեւ Անդրկովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովման նպատակով փոխգործակցության հարցում»,- նշել է Պուտինը Խաչատուրյանին ուղղված հեռագրում:

Փաշինյանին ուղղված հեռագրում երկրի ղեկավարը վստահություն է հայտնել «հայ-ռուսական համալիր կապերի» հետագա զարգացման հարցում՝ ի շահ երկրների քաղաքացիների: