Իսլամական գիշերօթիկ դպրոցի 13 աշակերտուհու բռնաբարած ինդոնեզացի ուսուցիչը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել մահապատժի, տեղեկացրել է AFP-ն։

36-ամյա Հերի Վիրավանը փետրվարին դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Նրա գործը գրավել էր ամբողջ երկրի ուշադրությունը կրոնական դպրոցներում սեռական ոտնձգությունների հետ կապված։ Դատախազները, սակայն, որոնք պահանջում էին քիմիական ամորձատման եւ մահապատժի ենթարկել նրան, բողոքարկել էին այդ որոշումը։

«Մենք ընդունում ենք դատախազների բողոքարկումը»,- նշվել է դատավորի հայտարարությունում, որը հրապարակվել է Բանդունգի (Արեւմտյան Ճավայի նահանգ) Բարձրագույն դատարանի կայքում։

Վիրավանը մերկացվել էր այն բանից հետո, երբ աշակերտուհիներից մեկի ընտանիքը ոստիկանությանը տեղեկացրել էր այն մասին, որ նա բռնաբարել է իրենց դեռահաս դստերն անցած տարի, եւ աղջիկը հղիացել է նրանից։

Պարզվել է, որ Վիրավանը հինգ տարվա ընթացքում բռնաբարել է աշակերտուհիներին, որոնցից շատերն աղքատ ընտանիքներից էին եւ դպրոց էին հաճախում թոշակի համար։ Նրանցից առնվազն ութը հղիացել է։

Գործը զայրույթի ալիք է բարձրացրել երկրում եւ ուժեղացրել ճնշումը խորհրդարանի վրա, որպեսզի վերջինը հաստատի վաղուց ձգձգվող օրինագիծը «սեռական բռնության» վերացման մասին, որն ուղղված է սեռական հանցագործությունների (այդ թվում ամուսնական բռնաբարության) դեմ պայքարին եւ զոհերի համար արդարություն ապահովելուն։