Վրաստանի ղեկավարությունը որոշել է նոր խթան հաղորդել զբոսաշրջության զարգացմանը երկրի սեւծովյան ափի շրջաններում եւ,  հատկապես,  Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում:  Փորձ է արվում բարելավել տեղական բնակչության օտար լեզուների իմացության մակարդակը, եւ դրանում մեծ դեր է վերապահվել աջարական «Ajaratv» հեռուստաընկերությունը:

Այդ նպատակի համար դեպի Արեւմուտք  եւ, մասնավորապես, ԱՄՆ  կողմնորշված Վրաստանը, սակայն, դիմում է խորհրդային փորձին:

Հետխորհրդային երկրների միջին եւ ավագ սերունդը շատ լավ է հիշում միութենական բոլոր հանրապետությունների հեռուստալիքներով հեռարձակվող ռուսերենի դասընթացների մասին: Ահա այդ փորձն էլ որոշել է  օգտագործել ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Վրաստանը:

Միայն թե սովորեցնում են ոչ թե ռուսերեն, այլ անգլերեն: Բայց հեռուստադիտողներն ու զբոսաշրջիները դեռ չէին հասցրել յուրացնել անգլերենի դասերը, երբ եթերից սկսեցին թուրքերեն սովորեցնել:

Պետք է նշել, որ այս ամենն այդքան արտառոց չէր լինի, եթե մի քանի «բայցեր» չլինեին:

Նախ` այն, որ  վերջին տասնամյակների ընթացքում Աջարիայի բնակիչները  բավականին հեռացել են իսլամիզմից, բնակչության մեծ մասը քրիստոնեություն է ընդունել, մահմեդական աջարացիները թիվը նվազել է մինչեւ 30 տոկսի:  Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլիի  իշխանության գալուց եւ Աջարիայում նրա կողմից վերահսկողության ռեժիմի սահմանումից հետո «մահմեդական կիսալուսինն» անհետացել է ինքնավարության բոլոր խորհրդանիշների վրայից: Համենայն դեպս, երկրում որոշել են թուրքերեն սովորեցնել հենց աջարացիներին: Ի դեպ, չնայած Թուրքիայի հետ ընդհանուր սահմանին,  թուրք զբոսաշրջիկների հոսք Բաթում եւ Քոբուլեթի չի նկատվում:

Երկրորդ «բայցը» վերաբերում է նրան, որ Բաթումի եւ Քոբուլեթիի լողափերում հիմնականում հանգստանում են հայաստանցի զբոսաշրջիկները: Եւ նորություն չէ, որ հայերի եւ վրացիների միջեւ շփման լեզուն ռուսերենն է. ընդ որում, երկու կողմից էլ անգլերենին անցնելու նախադրյալներ չեն նկատվում, իսկ թուրքերենի մասին խոսելն ավելորդ է: Բայց ստացվում է, որ Աջարիայում զբոսաշրջության զարգացման մասին հայտարարած Վրաստանի իշխանություններին չի  հետաքրքրում, թե ինչ լեզվով են շփվում հիմնական զբոսաշրջիկները: Ու փոխանակ երիտասարդ աջարների համար ռուսերենի դասընթացներ կազմկերպելուն, նրանց գլուխը փորձում են անգլերեն եւ թուրքերեն մտցնել: Այս ամենը լավագույն դեպքում անտրամաբանական է եւ ոչ պրակտիկ, թեեւ բացատրվում է հարեւան երկրի ղեկավարության աշխարհաքաղաքական կուրսով: