Չինացի հնագետները հետազոտել են հնադարյան անհետացած բուի կմախքը, որը մոտ 6 մլն տարի առաջ ապրել է Տիբեթյան լեռնաշղթայի եզրին, եւ պարզել են, որ նա ցերեկային թռչուն է եղել: Այս մասին է վկայում աչքի ոսկորների մանրամասն ուսումնասիրությունը։

Այս հին բուն դասվել է նոր տեսակի շարքին, որը ստացել է Miosurnia diurna անվանումը: Նա, ինչպես եւ ցերեկային բուերի ժամանակակից փոքրաթիվ տեսակները, պատկանում է Surniini խմբին:

Գիտնականները ենթադրում են, որ այս տարածքում հնադարյան բուերը ստիպված են եղել փոխել իրենց կենսակերպը ցերեկայինի, քանի որ հիմնականում օրվա այդ ժամերին է նրանց որսը դուրս եկել իր բնից: Այս շրջանում գիշերները շատ ցուրտ են եղել։

Այսպիսով, կլիմայական պայմանները ստիպել են բուերին զարգանալ, ասում են գիտնականները: Նրանց ուսումնասիրությունը փոխում է ցերեկային բուերի պատմության մասին պատկերացումը՝ պարզվում է, որ այն շատ ավելի երկար եւ նշանակալի է եղել, քան ընդունված էր համարել: Miosurnia diurna-ն ցերեկային բուի ամենավաղ հայտնի օրինակն է: