1980-ից ճարպակալում ունեցող մարդկանց թիվն այնքան արագ է սկսել աճել, որ դժվար թե դրա հիմնական պատճառը գենետիկ կամ կենսաբանական գործոնները լինեն։ Մարդկանց մարմնի զանգվածի ավելացումը կարող է պարզապես նորմալ արձագանք լինել շրջակա միջավայրի փոփոխությանը՝ ավելի մատչելի են դարձել բարձր կալորիականությամբ, սննդային ցածր արժեքով մթերքները, իսկ կուտակված էներգիան ծախսելու հնարավորությունը ավելի պակասել է:
Քաղաքի մարդկանց շրջապատում են արագ սննդի հարյուրավոր ռեստորաններ, բարեր եւ ալկոհոլային խմիչքների խանութներ: Առողջ սնունդը՝ թարմ բանջարեղենը, մրգերը, բնական մթերքները, միշտ չէ, որ հասանելի են: Սրան գումարվում է հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը, որը թույլ է տալիս քիչ քայլել, եւ ունենում ենք ճարպակալման համար բարենպաստ միջավայր։
Նոր Զելանդիայի հետազոտողները որոշել են գնահատել միջավայրի ազդեցությունը մարդկանց վրա։ Այդ երկրում մեծահասակների 32-34 տոկոսը տառապում է ճարպակալմամբ, գրում է ScienceAlert-ը։
Գիտնականները մշակել են «Առողջ բնակավայրերի ինդեքսը»։ Այն ներառում է տասը գործոնների գնահատում։ Դրանց կեսը բնութագրում է ճարպակալման համար բարենպաստ միջավայրը՝ արագ սննդի ռեստորանների, ուտելիքը տանելու սննդի կետերի, մթերային ու խմիչքների խանութների եւ խաղային հաստատությունների մոտ լինելն ու մեծ թիվը:
Մնացած հինգ գործոնները նպաստում են առողջ ապրելակերպին՝ զբոսայգիների, լողափերի եւ ջրային հանգստի, սպորտային կենտրոնների, բանջարեղենի ու մրգերի խանութների, սուպերմարկետների հասանելիություն:
Պարզվել է, որ այն տարածքներում, որտեղ ճարպակալում ունեցող մարդիկ ավելի շատ են, ճարպակալմանը նպաստող օբյեկտների հեռավորությունը կրկնակի քիչ է, քան մնացածում:





























