«Ազգ» օրաթերթն անդրադարձել է անշարժ գույքի շուկայում շարունակվող լճացման թեմային։ Ըստ այդմ, թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16954 գործարք, ինչը 1,9 տոկոսով բարձր է նախորդ ամսվա մայիսի եւ 8,6 տոկոսով 2010-ի հունիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ աճել է 4,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատ 6,8 տոկոսով: 4260 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 76,8 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 65 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի մայիսի համեմատ, հունիսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 0,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ աճել 8,2 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունիսին մայիսի համեմատ նվազել են 0,3 տոկոսով:
Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 186 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Աբովյանում 1 քմ գինը 141 հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Աշտարակը 130 հազար դրամ, Իջեւանը` 127 հազար դրամ, Գորիսը 124 հազար դրամ, Մասիսը` 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
2011-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 406 գործարք, որից 120-ը Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2011-ի մայիսի համեմատ նվազել է 12,1 տոկոսով, իսկ մարզերում 15,1 տոկոսով:
2010-ի հունիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 3,4 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել 3,7 տոկոսով»։



























