Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ հուլիսի 30-ին կայացած Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստին  քննարկվել են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարքանի երթեւեկելի մասի քառաշարք երթեւեկելի մասի վերակառուցման, Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման եւ մի շարք այլ ծրագրեր։ NEWS.am-ին այս մասին հայտնեցին կառավարության մամաուլի ծառայությունից։

Բացի այդ, քննարկվել են նաեւ  Երևան-Արարատ ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմաններում և կապալի պայմանագրի հատուկ պայմաններում Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող փոփոխությունները: Խորհուրդը հաստատել է նշված փոփոխությունները և հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բադալյանին մրցութային փաստաթղթերի լրամշակված տարբերակը ներկայացնել ԱԶԲ-ի պաշտոնական հաստատմանը:

Նիստում հաստատվել է նաև «Հյուսիս-հարավ  ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2011 թ. ամփոփ բյուջեի ճշգրտված տարբերակը։