Շրի Լանկայի իշխանությունները ծրագրում են ապրիլի 18-ին բանակցություններ սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ մինչեւ տարեվերջ 3-4 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն ստանալու համար։ Այս մասին հինգշաբթի Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Շրի Լանկայի ֆինանսների նախարար Ալի Սաբրին։

«Մենք 3-4 միլիարդ դոլար ենք ակնկալում»,- ասել է Սաբրին՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե Շրի Լանկան որքա՞ն է ակնկալում խնդրել ԱՄՀ-ին։

Նա նաեւ լավատեսություն է հայտնել Չինաստանից եւ Հնդկաստանից ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորության վերաբերյալ։

Շրի Լանկան այժմ ապրում է իր ամենավատ տնտեսական ճգնաժամը 1948 թվականի անկախությունից ի վեր: Դա պայմանավորված է համավարակի պատճառով արտաքին զբոսաշրջության կրճատմամբ, ինչը երկրի արժութային պահուստների դեֆիցիտի է հանգեցրել։ Այդ պայմաններում Շրի Լանկայի իշխանությունները ստիպված եղան կրճատել ներմուծումը եւ ռեսուրսների խիստ խնայողություն սահմանել։ Շրի Լանկան ցեմենտի, ավտոպահեստամասերի, վառելիքի, սննդի մեծ կարիք ունի։ Այս իրավիճակը գնաճի աճի է հանգեցրել, որը մարտին 17 տոկոսի է հասել։ Արտաքին փոխառություններին եւ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին խոչընդոտում է Շրի Լանկայի արտաքին պարտքը, որը 35 մլրդ դոլար է կազմում: