2018 թվականի թավշյա, ոչ բռնի եւ ժողովրդական հեղափոխությունից ի վեր Հայաստանի կառավարության եւ ներկայիս քաղաքական մեծամասնության յուրաքանչյուր որոշման հիմքում ընկած է հանրապետության ժողովրդի բարգավաճումը։ Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստին կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ քաղաքական թիմի անդամները հավասար պատասխանատվություն են կրում նախկինում թույլ տված բոլոր սխալների, ինչպես նաեւ ձեռք բերված հաջողությունների համար։ «Եթե ինչ-որ բանում մեղավոր ենք, ինչ-որ բանի համար պատասխանատու ենք եւ ինչ-որ տեղ սխալվել ենք, ապա բացառապես հավասարապես։ Եւ այն առաքելությունը, խաչը, որը Հայաստանի ժողովուրդը դրեց մեր քաղաքական թիմի վրա՝ ձեր գլխավորությամբ, պարոն վարչապետ, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մենք եւս պետք է հավասարապես կրենք»,- ասաց Հովհաննիսյանը։