Գիտնականները իխտիոզավրի նոր տեսակ են հայտնաբերել, որն ապրել է ներկայիս Չինաստանում մոտ 250 միլիոն տարի առաջ, գրում է «Չժունգո ժիբաո» թերթը:
Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Բայսե քաղաքում հայտնաբերվել է ծովային սողունի բրածոի մասնակի պահպանված քարացած կմախքը: Ըստ հայտնաբերման վայրի՝ արարածին Baisesaurus robustus են կոչել։ Ըստ գիտնականների՝ դա իխտիոզավրերից ամենամեծն էր, որն ապրել է վաղ Տրիասյան ժամանակաշրջանում՝ 251.9-ից 247.2 միլիոն տարի առաջ: Հայտնաբերված նմուշի երկարությունը գերազանցել է 3 մ-ը։ Դատելով ոսկրային մնացորդներից՝ այն լավ լողալ գիտեր՝ այս առումով գերազանցելով ՉԺՀ-ի տարածքում նախկինում հաստատված իխտիոզավրերի տեսակներին։
Baisesaurus robustus-ի հայտնաբերումը թույլ է տվել ընդլայնել այս ծովային սողունների բնակության վայրը Չինաստանում վաղ տրիասի դարաշրջանում, հայտարարել է Ուհանի երկրագիտական համալսարանի մասնագետ Հան Ֆենլուն: Ոսկորները հայտնաբերվել են գիտնականների միջազգային խմբի կողմից 2017թ. Այնուհետեւ դրանք վերականգնվել են կմախքի տեսքով։ Այս աշխատանքը բացահայտել է Baisesaurus robustus-ի առանձնահատկությունները, որոնք տարբերում են նրան այլ հայտնի իխտիոզավրերից։
«Իխտիոզավրերի այլ վաղ տեսակների համեմատ՝ Baisesaurus robustus-ը ավելի լավ էր լողում ավելի երկար եւ հզոր առջեւի վերջույթների ոսկորների շնորհիվ, այն կարող էր զգալի տարածություններ անցնել հնագույն Թեթիս օվկիանոսում», - ասում է Հան Ֆենլուն:
Համարվում է, որ իխտիոզավրերը, որոնք հայտնվել են մոլորակի վրա վաղ տրիասի դարաշրջանում, անհետացել են մոտ 90 միլիոն տարի առաջ: Հավանաբար նրանց նախորդները սողուններն էին, որոնք ապրում էին երկրի վրա։ Վաղ տրիասի իխտիոզավրերը, որոնք մինչ այժմ հայտնաբերվել են Ճապոնիայում, Կանադայում, Հյուսիսային Եվրոպայում եւ Չինաստանի Հուբեյ եւ Անհոյ նահանգներում, իրենց չափերով չեն գերազանցել 1.5 մետրը:




























