Հարավաֆրիկյան Հանրապետությունում հազարավոր ֆերմերային տնտեսություններ հայտնվել են ֆինանսական կործանման եզրին՝ Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի եւ մի շարք արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով պարարտանյութերի գների կտրուկ աճի պատճառով: Այս մասին հինգշաբթի հայտնել է SABC տեղական ռադիոկայանը։
Լիմպոպո նահանգից ֆերմեր Մաշուդու Տոբակգալեի խոսքով՝ պարարտանյութերի գները անցյալ փետրվարի վերջից ՀԱՀ-ում աճել են 85 տոկոսով: «Ուկրաինայի ճգնաժամը թանկ է նստում մեզ վրա»,- հայտարարել է հարավաֆրիկացի ֆերմերը: «Ամենածանր վիճակում են փոքր տնտեսությունները»։
Տոբակգալեն բացատրել է, որ ինքը, ինչպես ՀԱՀ-ում տասնյակ հազարավոր այլ ֆերմերներ, բանջարեղենը վաճառում է անցյալ տարի կնքված պայմանագրով։ «Մեր բոլոր գյուղմթերքների համար ֆիքսված գներ են սահմանվել, սակայն այժմ արտադրության ծախսերի հետ կապված իրավիճակը էապես փոխվել է, քանի որ պարարտանյութերի եւ վառելիքի համար ավելի շատ պետք է վճարենք»,- ասել է նա։ «Մեր արտադրանքի մատակարարման համար գոյություն ունեցող պայմանագրերով մենք գումարներ ենք կորցնում, եւ պայմանագրերը փոխելու տարբերակ չկա»։ Արդյունքում, ըստ Տոբակգալեի, շատ ֆերմաներ հայտնվել են կործանման եզրին:
ՀԱՀ-ը ներմուծում է երկրում օգտագործվող պարարտանյութերի մինչեւ 80 տոկոսը։ Դրանց մի զգալի մասը գալիս է կա՛մ անմիջապես Ռուսաստանի Դաշնությունից, կա՛մ ռուսական հումք օգտագործող եվրոպական ընկերություններից։ Հարավաֆրիկյան ֆերմերները մեկ հեկտար ցանքատարածության վրա մոտ 73 կգ պարարտանյութ են օգտագործում:





























