Վիետնամի հյուսիսում Հնդկաչինում պատերազմի ժամանակից մնացած 300 կիլոգրամանոց չպայթած ավիառումբ է վնասազերծվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Zan Chi թերթը։

Արկը հայտնաբերվել է Վիետնամի հյուսիսային Շոնլա նահանգում կամրջի վերանորոգման ժամանակ։ Մասնագետները պարզել են, որ գտածոն ավիառումբ է, որը 1946-1954թթ․ Դիմադրության պատերազմի ժամանակ երկրի վրա ֆրանսիական ավիացիան է գցել։ Վիետնամի ժողովրդական բանակի սակրավորական ստորաբաժանման աշխատակիցները, որոնք դեպքի վայր են ժամանել, շինհրապարակից արկը հանել եւ վնասազերծել են։

Վիետնամի Չպայթած զինամթերքի եւ քիմիական աղտոտվածության օջախների վերացման ազգային կոմիտեի տվյալներով՝ երկրին առնվազն երեք դար կպահանջվի պատերազմի ժամանակ չպայթած զինամթերքից իր տարածքն ամբողջությամբ մաքրելու համար: Վիետնամի «պայթյունավտանգ» տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 6,8 մլն հեկտար կամ երկրի ամբողջ տարածքի մոտ 20 տոկոսը։