78 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն Վյաչեսլավ Տրուբնիկովը։ Այս մասին հայտնել է ԱՀԾ-ի մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը ցավով հայտնում է, որ 2022 թվականի ապրիլի 18-ին մահացել է Ռուսաստանի հերոս, բանակի պաշտոնաթող գեներալ, ԱՀԾ-ի վետերան Վյաչեսլավ Իվանովիչ Տրուբնիկովը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարությունն ու անձնակազմը իրենց անկեղծ ցավակցություններն են հայտնում Վյաչեսլավ Իվանովիչի ընտանիքին եւ ընկերներին։ Նրա վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- ասել է Իվանովը։

Վյաչեսլավ Տրուբնիկովը ծնվել է 1944 թվականի ապրիլի 25-ին՝ Իրկուտսկում, բանվորական ընտանիքում։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը՝ ստանալով արեւելյան երկրներում ռեֆերենտի դիպլոմ։ ՄԳԻՄՕ-ն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Արտաքին հետախուզության ծառայությունում, որտեղ աշխատել է ավելի քան 30 տարի։ Տրուբնիկովին երկարաժամկետ գործուղումների են ուղարկել Հնդկաստան եւ Բանգլադեշ։ 1990 թվականից գլխավորել է Կենտրոնական հետախուզական ապարատի ստորաբաժանումներից մեկը եւ շուտով նշանակվել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության տնօրենի առաջին տեղակալ։ 1996 թվականի հունվարին Վյաչեսլավ Տրուբնիկովը դարձել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։

Հատուկ ծառայություններից Վյաչեսլավ Իվանովիչը հեռացել է 2000 թվականի հունիսին՝ նա նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ եւ դարձել նախագահի հատուկ ներկայացուցիչը (դաշնային նախարարի կոչումով) ԱՊՀ երկրներում։ 2000-2004 թվականներին եղել է ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

2004-2009 թվականներին Տրուբնիկովը զբաղեցրել է Հնդկաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը։