ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, ով այս շաբաթ ուղևորություններ էր նախատեսում դեպի Թուրքիա եւ Ռուսաստան, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Գրիֆիթսը հայտնել է երկուշաբթի Twitter-ում։
«Ցավով հայտնում եմ, որ այսօր կորոնավիրուսի ախտորոշման համար իմ հանձնած թեստի արդյունքը դրական էր։ Ես հետեւում եմ առողջապահական ցուցումներին, չեղարկել եմ իմ ուղեւորությունը եւ ինքնամեկուսացվել եմ»,- գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։
«Շնորհակալ եմ, որ պատվաստվել եմ։ Աշխարհում շատ մարդիկ չունեն այդ հնարավորությունը»,- ասաց նա:
Գրիֆիթսը երկուշաբթի ՄԱԿ-ում կայացած ճեպազրույցին հայտարարել էր այս շաբաթ Թուրքիա այցելելու պլանների մասին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել էր, որ կարող է շուտով Ռուսաստան մեկնել։





























