Ազատության հրապարակում չորրորդ օրը պայքարի ծայրահեղ քայլի` հացադուլի դիմած պատերազմի մասնակից երիտասարդների հարևանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոչ թե շտապօգնության, այլ ոստիկանության մեքենայով, ոչ թե բժիշկներով, այլ` ոստիկաններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատկազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշում եմ, երբ ահաբեկիչներին ազատ արձակելու պահանջով բանդայի պարագլուխներից մեկը հացադուլ էր հայտարարել, աշխարհիկ և հոգևոր առաջնորդներից էլ մարդ չմնաց նրան այցելելու համար, իսկ հայրենիքի պաշտպանության համար պատերազմի մասնակից ուսանողները, ովքեր շարունակում են իրենց մեծագույն հարստությունը` Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու պայքարը դեռ սպասում են մարդկանց զորակցությանը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Նույն օրը, ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։





























