Մի քանի օր է, որ չեն գործում Աբովյան-Երեւան ուղերթի 261, 262, 267 համարների երթուղայինները եւ մայրաքաղաքում աշխատող աբովյանցիները ստիպված են 3-4 տրանսպորտ փոխել` վճարելով կրկնակի գումար եւ նախկին 40 րոպեի փոխարեն Երեւան հասնել 2 ժամում:

Այս մասին NEWS.am-ին ահազանգել էր մեր ընթերցողներից մեկը: Նա նշել էր, որ դիսպետչերներն ուղեւորներին ասել են, որ այդ հարցով պետք է դիմեն պարոն Ծառուկյանին, իսկ հետո մխիթարել, թե մեծ հույսեր մի կապեք, դժվար թե իրավիճակը մոտ ապագայում շտկվի:

«Կան շշուկներ, թե իբր չեն կարողանում կիսել «Երեւանի գիծը», այդ պատճառով միաժամանակ կանգնեցրել են բոլոր երթուղայինները: Նվաստացած եւ արհամարհված ես զգում քո իսկ երկրում»,- գրել է ընթերցողը իր նամակում` խնդրելով  պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել «Աբովյանի թագավորությունում տեղի ունեցող տրանսպորտային անհաջող հեղաշրջման» վրա: 

Այս խնդիրը քննարկվում է նաեւ Facebook սոցիալական ցանցում: Ըստ այդմ, Աբովյանի բնակիչ Վրույրը Facebook-ի իր էջում գրել, ապա նաեւ մեր թղթակցին պատմել է, որ երեք օր է, ինչ չեն գործում երթուղայինները եւ որ այդ մասին տարբեր խոսակցություններ կան քաղաքում:
«Համաքաղաքացիների խոսքով` Երեւանի քաղաքապետն է արգելել, որ 267 համարի երթուղայինը մտնի քաղաք, հիմա ամբողջ միջքաղաքային երթեւեկությունը կենտրոնացել է 259 եւ 0  համարների երթուղայինների վրա»,- ասաց Վրույրը:

Խնդրի էությունը պարզելու համար NEWS.am-ը զանգահարեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որի պետ Արթուր Գեւորգյանը նշեց, որ դա իրենց իրավասության ներքո չէ, պետք է դիմել տրանսպորտի եւ կապի նախարարություն: Իսկ Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ քաղաքապետարանի հետ քննարկում են այդ երթուղայինների վերջնակետի հարցը, մասնավորապես` քաղաքը բեռնաթափելու կապակցությամբ նրանք պետք է տարածք տրամադրեն այդ երթուղայինների կայանման համար: Փաստորեն` մինչ Երեւանի քաղաքապետարանը եւ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը քննարկում են, թե որտեղ պետք է կայանեն այդ երթուղայինները, աբովյանցիները չեն կարողանում հասնել Երեւան կամ դրա համար ստիպված են ծախսել ավելի ժամանակ ու գումար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Երեւանի  կենտրոնը բեռնաթափելու նպատակով փոխել էր մարզերից մայրաքաղաք եկող մի շարք երթուղիների վերջնակետերը: