«Առավոտ» օրաթերթը գրում է, որ  օգոստոսի 1-ին Սեւանա լճի Ծովագյուղի հատվածում ուժեղ քամին ափից հեռացրել է երկու հեծանվանավակներ եւ մեկ ջրային մոտորանավակ, որն անսարք էր։ Դրանով զբոսանքի էին դուրս եկել մի քանի քաղաքացիներ:

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ Վարդան Վարագյանը, Սեւան քաղաքի բնակիչներ Դավիթ Գուլանյանը, Վահե Մովսիսյանը, Երեւան քաղաքի բնակիչ Տիգրան Գասպարյանը եւ եւս մեկը՝ Հակոբ անունով, ափից 1500-2000 մետր հեռացել էին, բախվել իրար, վթարի ենթարկվել եւ շրջվել։ Հետաքրքիր զուգադիպությամբ այդտեղ էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Տեղեկանալով կատարվածի մասին` նախարարն անձամբ հանձն է առել խեղդվողների փրկության գործը։ Նախարարը մոտորանավակով հասել է խեղդվողներին եւ 1,5 ժամում նրանց հասցրել ափ: Ականատեսները թերթի հետ զրույցում պատմել են, որ փրկվածները` չիմանալով, թե ով է իրենց փրկարարը, դիմել են նրան. «Հոպար, մերսի, մեռնելուց պրծանք, էթանք մի-մի թաս բան խմենք»: Նախարարը հրաժարվել է։ Ավելի ուշ փրկվածները տեղեկացել են, թե ով էր իրենց փրկարարը: