Խոշոր բուսակեր դինոզավրերի անհետացումը, հակառակ ավելի վաղ տեսությունների, չի խանգարել խոշոր պտուղներով ծառերի էվոլյուցիային, պարզել են Լայպցիգի համալսարանի գիտնականները։ Այս մասին նրանք պատմել են Proceedings of the Royal Society B: Biological Sciences ամսագրում հրապարակված հոդվածում։
Հետազոտողները վերլուծել են բրածո եւ մեր օրերում գոյություն ունեցող արմավենու ծառերը: Գենետիկական վերլուծությունը հնարավորություն է տվել հետեւել հազարամյակների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին: Արդյունքները հաստատել են ավելի վաղ արված ենթադրությունը, որ դինոզավրերի ժամանակաշրջանում արմավենիների շատ տեսակներ մեծ պտուղներ ունեին, իսկ բները եւ տերեւները ծածկված էին փշերով:
Ընդ որում, փոքր պտուղներով արմավենու նոր տեսակների առաջացման արագությունը դինոզավրերի անհետացումից հետո նվազել է, մինչդեռ խոշոր պտուղներով տեսակների էվոլյուցիայի տեմպերը գրեթե անփոփոխ են մնացել: Այսպիսով, մեծ պտուղներով արմավենիները գոյություն ունեին նույնիսկ դինոզավրերի անհետացումից հետո. ըստ երեւույթին, փոքր կենդանիները նույնպես կարողանում էին հասնել պտուղներին եւ տարածել սերմերը:
«Մենք կարողացանք հերքել նախկին գիտական ենթադրությունը, որ արմավենու խոշոր պտուղների առկայությունը կախված է բացառապես խոշոր բուսակերներից: Ուստի մենք ենթադրում ենք, որ խոշոր բուսակերների ազդեցության բացակայությունը հանգեցրել է ավելի խիտ բուսական ծածկույթի առաջացմանը, որում ավելի մեծ սերմերով եւ պտուղներով բույսերն էվոլյուցիոն առավելություն ունեին»,- նշել են աշխատանքի հեղինակները:
Գիտնականները հույս ունեն, որ պարզելը, թե ինչպես է խոտակեր դինոզավրերի անհետացումը ազդել բույսերի էվոլյուցիայի վրա, կարող է օգնել կանխատեսել ապագա շրջակա միջավայրի փոփոխությունները: Այժմ խոշոր բուսակերների անհետացումը շարունակվում է մարդու ազդեցության պատճառով, եւ հնարավոր փոփոխությունների մասին տվյալները թույլ կտան պատկերացնել, թե ինչով կարող է դա հղի լինել բույսերի համար:





























