Շիրակի մարզում կայացել է Մարդկանց անվտանգության եւ փրկության թեմայով «Լավագույնն ըստ մասնագիտության» մրցանակաբաշխությունը` «Արիության համաստեղություն» խորագրով հանրապետական փառատոնի շրջանակներում:

Հայտնի են դարձել Շիրակի  մարզի «լավագուն փրկարար», «լավագույն հրշեջ փրկարար», «պահակախմբի լավագույն հերթապահ» եւ «լավագույն փրկարար ջոկատ» անվանակարգերի հաղթոների անունները: Նրանց շնորհել են շնորհակալագրեր ու մաղթել, որ փրկարար ոլորտում արձանագրեն ավելի մեծ հաղթանակներ:

Շիրակի մարզային հանձնաժողովի որոշմամբ` «լավագույն փրկարար» է ճանաչվել Սերգեյ Դավոյանը, «լավագույն հրշեջ փրկարար»` Ալբերտ Յիրիկյանը, «պահակախմբի լավագույն հերթապահ»` Արտավազդ Գրիգորյանը, իսկ «լավագույն հրշեջ փրկարարական ջոկատ»` Արթիկի ջոկատը: Լավագույնները պարգեւատրվել են շնորհակալագրերով: Մրցույթի հաջորդ փուլը հանրապետականն է, որին կմասնակցեն մարզի լավագույն փրկարարները:

ԱԻՆ Շիրակի մարզի փրկարար վարչության պետ Մարատ Սարիբեկյանը  ներկայացրել է  2011թ-ի վիճակագրությունը: Ըստ նրա, արտակարգ իրավիճակներով հարուստ է եղել տարվա առաջին կեսը, որոնք մարզի փրկարար-հրշեջները պատվով են հաղթահարել:

«2011թվականը լինելու է ուսուցման, առաջխաղացման տարի: Ճիշտ է, մենք  ճապոնացիներին չենք հասել, բայց հասնելու եւ անցնելու ենք, խոստանում եմ»,-հայտարարել է Մարատ Սարիբեկյանը:

Լրագրողները վերջում հարցրել են նաեւ ոլորտի աշխատակիցների աշխատավարձից: Շիրակի մարզի հրշեջ- փրկարարները վերջերս դժգոհում էին ցածր աշխատավարձից: Փրկարարի մասմնագիտությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր  ու ռիսկային մասնագիտություններից մեկը, բայց հայ փրկարարները շարունակում են ցածր վարձատրվել: «Ցածրն ու բարձրը հարաբերական են. ես չեմ գտնում, որ ցածր են ստանում, շարքային փրկարարը 70-75 հազար է ստանում, սա իմ կարծիքով վատ ցուցանիշ չէ»,-ասել է Մարատ Սարիբեկյանը: