Գյումիի «Էնրիկո Մատեի» անվան իտալական պոլիկլինիկայի` մի խումբ արդեն նախկին աշխատակիցներ դժգոհում են, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ադամյանն ապօրինաբար հիվանդանոցում զանգվածային հաստիքային կրճատումներ է կատարել:

Ըստ նախկին աշխատակիցների, Գ. Ադամյանը, ով Շիրակի մարզպետի հրամանով նշանակվել է պոլիկլինիկայի ժամանակավոր տնօրեն` հիվանդանոցի նախկին տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին աշխատանքից հեռացնելուց եւ կալանավորելուց հետո, թույլ է տվել օրենքի խախտում եւ չլինելով դեռեւս գործող տնօրեն` հաստիքային կրճատումներ է կատարել:

Նրանք նաեւ դժգոհել են, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից փակվել է անոթաբանական ծառայություն իրականացնող կաբինետը, ինչը նշանակում է, որ այդ պոլիկլինիկայից սպասարկվող հիվանդները զրկվում են անվճար անոթաբանական ծառայությունից օգտվելու հնարավորությունից:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի մեկնաբանությամբ` Գագիկ Ադամյանը Գյումրիի Իտալական պոլիկլինիկայի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրամանով այն բանից հետո, երբ հիվանդանոցի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանի նկատմամբ ներկայացվել են  մի շարք մեղադրանքներ եւ նա հեռացվել է  աշխատանքից, որից հետո կալանավորվել է:

«Գագիկ Ադամյանը ժամանակավոր տնօրեն է, մինչեւ հայտարարվի մրցույթ եւ պարզվի, թե ով է հիվանդանոցի տնօրենը»,-ասել է Հովհաննես Հովհաննիսյանը:

Ինքը` Գ. Ադամյանը պոլիկլինիկայում զանգվածային կրճատումների փաստի աթիվ ասել է հետեւյալը. «Զանգվածային կրճատումներ չկան, հիվանդանոցի աշխատակիցներն իրենք սեփական դիմումի համաձայն են հեռացել աշխատանքից, քանի որ իմ ներկայացրած պահանջներն իրենց դուր չի գալիս»: Նա նշել է, որ ինքը շատ խստապահանջ է ու պահանջկոտ, պահանջել է աշխատակիցներից ներկայանալ ժամանակին ու չուշանալ, սակայն նրան չեն ենթարկվել, դիմում են ներկայացրել ու հեռացել:

Գագիկ Ադամյանի խոսքով` ինքը կրճատման հրաման է տվել միայն մեկ բուժքույրի, ով անոթաբանի հետ է աշխատել, իսկ անոթաբանը հիվանդանոցի նախկին տնօրենն էր `Տաթեւիկ Փանոսյանը, ով կալանավորված է:

«Հիվանդանոցը անոթաբան չունի, կաբինետը փակվել է, բուժքույրին էլ կրճատել է, եթե չկա անոթաբան բժիշկ, ի՞նչ պիտի անի քույրը»,-մեկնաբանել է Շիրակի մարզի առողջապահության վարչության պետը: