Երեւանում գործող Դելֆինարիումի ղեկավարությունից Նատաշան այնպես է սպառնացել իր աշխատակիցներից մեկին եւ այնպիսի տոնով խոսել հետը, որ վերջինս վատացել է եւ «Շտապօգնություն» են կանչել: Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Արտակը, ում կինը` Նարինեն, 7 ամիս է` աշխատում է Դելֆինարիումի ներսի խանութում: Նա շաբաթական աշխատում է 68 ժամ` օրենքով սահմանված 40 ժամի փոխարեն եւ ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ` ստորագրելով պաշտոնական 39 հազարի դիմաց:
Մինչ ուրբաթ-շաբաթ օրերին Դելֆինարիումում շոուներ կազմակերպելը, Նարինեն աշխատում էր ամեն օր` առավոտյան 10:00-20:00` բացի երկուշաբթի օրվանից: Շոուների պատճառով նա ստիպված է այդ օրերին աշխատել մինչեւ 22.00 եւ ամուսնու խոսքով` մինչ հավաքում է խանութի իրեր, ժամը 00:00-ն է լինում: «Մենք տանը փոքր երեխա ունենք ու իրենց էլ ասել ենք, որ չենք կարող այդքան աշխատել: Նրանք էլ ասացին, որ ոչինչ, մի օր ամուսինը կկանգնի, մի օր` ինքը: Ես էլ հենց աշխատանքս ավարտում եմ, գալիս եմ կնոջս տեղը աշխատում, որ ինքը գնա տուն երեխային քնեցնի, կերակրի»,- մեզ հետ զրույցում պատմեց Արտակը` հավելելով, որ իր մայրը 67 տարեկան է, հայրը` 70 եւ չեն կարող երեխային խնամել: Երեկոյան անցկացվող շոուների համար, Արտակի, խոսքով, խոստացել էին աշխատավարձը բարձրացնել 10 հազար դրամով, բայց խոստումը չպահեցին:
«Ես էլ ասացի` եթե չեք ավելացնում, իմ կինը կամ աշխատանքից դուրս է գալիս, կամ էլ աշխատում է մինչեւ 20:00-ը: Իրենք չեն ազատում աշխատանքից, ասում են` աշխատեք այնքան, մինչեւ մենք աշխատող գտնենք, բայց կինս այլեւս ֆիզիկապես ի վիճակի չէ աշխատել»,- պատմեց Արտակը:
Բայց սա դեռ ամենը չէ: Ամուսնու խոսքով` Դելֆինարիումի ղեկավարությունից Նատաշա անունով մեկը իրենց սպառնացել է, ասելով. «Մեր կռիշները ձեզ հետ հաշվեհարդար կտենան, ինչ-որ նախարարի կասեն, մեզ համար վատ կլինի», թե իրենց մեջքին լուրջ մարդիկ կան կանգնած»:Արտակի ներկայացմամբ, այդ խոսակցությունից հետո ինքը բարկացած դուրս է եկել դելֆինարիումից, իսկ Նատաշան շարունակել է նույն բաներն ասել իր կնոջը: «Կինս վատացավ, շտապօգնություն զանգեցին, եկան ներարկում արեցին, սթրեսի մեջ է ընկել: Ես վախենում եմ նրանցից, որ նրանք իմ գլխին կսարքեն, կասեն պակասորդ եք տվել, հիմա ես երկու քարի արանքում եմ, թողեմ կինս գնա՞, թե` չէ»,- պատմեց Արտակը` նշելով, որ նույն ձեւով նրանք վարվում են նաեւ բոլոր աշխատակիցների հետ հենց միմյանց ներկայությամբ եւ ոչ ոք ոչինչ չի կարող անել: Այժմ Արտակի կինը` Նարինեն չի աշխատում, տանն է:




























