Աշխարհը գտնվում է «ավազի ճգնաժամի» եզրին, ասվում է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի՝ UNEP-ի գիտնականների վերջին զեկույցում:
Ուրբանիզացման եւ բնակչության աճի պատճառով ավազի համաշխարհային պահանջարկը կտրուկ աճել է, քանի որ այն ամենապոպուլյար նյութերի կազմում է, ինչպիսիք են բետոնը եւ ապակին:
Ավազից, որը մարդկությունն օգտագործում է մեկ տարվա ընթացքում, կարելի է Երկրի շուրջը 88 ոտնաչափ լայնությամբ եւ 88 ֆուտ բարձրությամբ պատ կառուցել: Մարդիկ ավազը շատ ավելի արագ են սպառում, քան այն կարող է արտադրվել բնական գործընթացների արդյունքում:
Այժմ աշխարհում ավազի օգտագործումը գրեթե ոչ մի կերպ չի կարգավորվում՝ չնայած նրան, որ այն ամենապահանջված ռեսուրսն է ջրից հետո։ «Մեր ավազի պաշարները անսահմանափակ չեն, եւ մենք պետք է դրանք խելամտորեն օգտագործենք», - ասել է զեկույցի հեղինակներից մեկը՝ Պասկալ Պեդուցին:
Ավազը նույնպես էական նշանակություն ունի տարբեր բույսերի եւ կենդանատեսակների գոյության համար, ինչը նշանակում է, որ դրա անվերահսկելի արդյունահանումը նպաստում է կենսաբազմազանության կորստին։
«Եթե մենք կարողանանք պարզել, թե ինչպես կառավարել աշխարհում ամենաշատ արդյունահանվող պինդ նյութը, մենք կարող ենք կանխել ճգնաժամը եւ շարժվել դեպի փակ ցիկլի տնտեսություն», - հավելել է Պեդուցին:
UNEP-ը խորհուրդ է տալիս խրախուսել ավազի այլընտրանքների օգտագործումը եւ մարմին կամ գործակալություն ստեղծել, որը կհետեւի ավազի համաշխարհային օգտագործմանը:





























