«Հայաստան» առագաստանավը օգոստոսի 11-ին տեղական ժամանակով ժամը 19:00-ին  պետք է ժամանի Կիպրոսի Լիմասոլ նավահանգիստ: Այդ մասին հաղորդում է Cyprus Mail-ը:

Առասպելական շուրջերկրյա ճամփորդությունից հետո նավատորմի վերջին հանգրվանը դառնալու է Լիմասոլը: Ճամփորդությունն սկսվել էր 2009 թ.-ի մայիսի 28-ին  Վալենսիայից (Իսպանիա):

Նավի անձնակազմը բաղկացած է 7 հայերից, եւ այն գլխավորում է հայ գրող, ճանապարհորդ, մարդու իրավունքների ոլորտում ակտիվ գործունեություն ծավալած Զորի Բալայանը: Նրա առաքելությունը կայանում է աշխարհում հայ ժողովրդի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման մեջ: Հայաստանը հանդիսացել է երբեմնի ծովային գերտերություն եւ ունեցել ավելի քան 1000 նավ Կիպրոսի Լուսինյանների հետ հատուկ կապեր ունեցող Կիլիկյան հայկական պետության 24 նավահանգիստներում (1080-1375 թթ.):

Առագաստանավը նվիրված է Մեսրոպ Մաշտոցին, ով Ք. հ 405 թ.-ին ստեղծեց հայոց այբուբենը: Առագաստանավի ժամանումը համընկնում է Հայաստանի հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձի հետ: Առագաստանավը զարդարված է հայոց այբուբենի տառերով, խաչով եւ հավերժության նշաններով:

Այդ կապակցությամբ տեղի կունենա հատուկ միջոցառում, իսկ այնուհետեւ կոկտեյլի երեկույթ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: