Հակառակ որոշ եկեղեցականների եւ պատմաբանների անհիմն պնդումների, թե իբր Հայոց եկեղեցիում կաթողիկոսի հրաժարականի կամ գահընկեցության կարգ գոյություն չունի, անցյալում դա այնքան էլ անսովոր ու հազվադեպ երեւույթ չի եղել: Հայոց եկեղեցու պատմության ամենամեծ գիտակ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի տվյալներով, չհաշված բազմաթիվ հակաթոռ եւ ինքնակոչ կաթողիկոսներին, օրինականորեն ընտրված եւ համայն եկեղեցու կողմից ճանաչված Ամենայն Հայոց 132 կաթողիկոսներից 11-ը նույնպես գահընկեց է արվել կամ հրաժարական տվել (Տես Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Հայոց եկեղեցին. 6-րդ` վերանայված տպագրություն, Մոնրեալ, 2001, էջ 229-239):
Այս անվիճելի իրողությունը նշանակում է, որ հիշյալ եկեղեցականներն ու պատմաբանները զբաղված են պատմության նենգափոխմամբ եւ հանրությանը մոլորեցնելու անպարկեշտ գործով` ավելի եւս խորացնելով ժողովրդի հիասթափությունը եկեղեցուց:
Մերկապարանոց չհնչելու համար թերթը թվարկում է գահընկեց արված կամ հրաժարական տված Ամենայն Հայոց կաթողիկոսների անունները` ըստ Մաղաքիա Օրմանյանի:
Վահան Ա. Սյունի (963-969 թթ.)
Սարգիս Ա. Սեւանցի (992-1019 թթ.)
Գրիգոր Ե. Քարավեժ (1193-1194 թթ.)
Կոստանդին Բ. Կատուկեցի (1286-1289 թթ.)
Գրիգոր Թ. Մուսաբեգյան (1439-1441 թթ.)
Կիրակոս Ա. Վիրապեցի (1441-1443 թթ.)
Հովհաննես Է. Աջակիր (1474-1484 թթ.)
Դավիթ Դ. Վաղարշապատցի (1590-1629 թթ.)
Դավիթ Ե. Էնեգեթցի (1801-1807 թթ.)
Եփրեմ Ա. Ձորագեղցի (1809-1831 թթ.)
Ներսես Վարժապետյան (1884 թ.)
Թերթն ամփոփում է. ամենեւին կարեւոր չէ, թե ինչով է պայմանավորված եղել թվարկված կաթողիկոսների հրաժարականը կամ գահընկեցությունը: Նրանցից ոմանք այդ բախտին արժանացել են ժողովրդի դժգոհության, ոմանք աշխարհիկ իշխանությունների հետ ունեցած հակասությունների, ոմանք ներեկեղեցական վեճերի, ոմանք էլ անձնական պատճառներով: Կարեւորը կաթողիկոսի հրաժարականի կամ գահընկեցության նախադեպերի գոյության փաստն է, որն ապարդյուն ջանում են ժխտել Հայոց եկեղեցու այժմ անգո հեղինակության պաշտպանները: Պատմության կեղծարարությամբ այդ հեղինակությունը բարձրացնել հնարավոր չէ:




























