Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Լիբանանի դեսպան Ժեբրայիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա մակարդակը: Տիգրան Սարգսյանը կարեւորել է Ժեբրայիլ Ժեարայի  աշխատանքը Հայաստանում` երկկողմ հարաբերություների զարգացման եւ ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ութ տարիների ընթացքում հայ-լիբանանյան միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացման նպատակով ներդրած ավանդի համար:

Ժեբրայիլ Ժեարան իր հերթին հավաստիացրել է, որ իր երկրի կառավարությունը եւս նպատակաուղղված է ջանքեր  գործադրելու` հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու եւ զարգացնելու համար: Դեսպանը տեղեկացրել է, որ լիբանանյան մի քանի ընկերություներ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ` ապահովագրական եւ ծառայությունների մատուցման ոլորտներում:  

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանն ու Լիբանանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ եւ երկու երկրների ժողովուրդների միջեւ հաստատված պատմական ավանդույթներ, մշտապես շարունակելու են արդյունավետ համագործակցությունը:

Նշենք, որ Հայաստանում լիբանանյան կապիտալի մասնակցությամբ արդեն գործում են մոտ 100 ընկերություններ, հիմնականում, փոքր եւ միջին համատեղ ձեռնարկություններ: Մեր երկրում վերջին տարիների ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած լիբանանյան ընկերությունները ներդրումներ են իրականացրել Հայաստանի բանկային, ապահովագրական, անշարժ գույքի եւ այլ տեսակի ծառայությունների մատուցման ոլորտներում: