Սիրիայի կառավարության կողմից իր դեմ ուղղված բողոքի ակցիանների ռազմական ճնշման ընթացքում զոհերի թիվը հասել է 2000-ի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է BBC-ին: Նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի ընդդիմադիրների գլխավոր հենակետերից մեկում` Համ քաղաքում, վերջին օրերի ընթացքում մոտ 100 մարդ է զոհվել: Քաղաքի բնակիչները հայտարարել են, որ դիպուկահարները եւ տանկերը կրակ են բացում խաղաղ բնակչության վրա, ուտելիքը եւ դեղորայքը սպառման եզրին են, հաղորդում է BBC-ին:
Ընդդիմադիրների հիմնական պահանջը բազմակուսակցական համակարգի ստեղծումն է: Գործող նախագահի դեմ ուղղված բողոքի ակցիաները սկսվել են մարտի կեսերին: Իր հերթին, երկրի ղեկավարությունը բախումները բացատրում է «զինված հանցագործ խմբերի» գործողություններով, որոնք աջակցություն են ստանում արտասահմանյան ուժերի կողմից:
Քլինթոնը կրկնել է նախկինում հնչեցված դիրքորոշումն այն մասին, որ, Միացյալ Նահանգների կարծիքով, ալ-Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը: «Այս շաբաթ մենք տեսանք, որ ալ-Ասադի վարչակարգը ուժեղացնում է իր ժողովրդի դեմ ուղղված ագրեսիան»,-հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նրա խոսքով, ԱՄՆ-ը եւ դաշնակից երկրները փորձում են ուժեղացնել Սիրիայի վրա ճնշումը: Ի հավելում, «Սեւ ցուցակում» ընդգրկված անցանկալի անձանց դեմ նոր մեթոդներ են կիրառվելու:




























