Թուրքիայի Բոդրումի շրջանի արձակուրդային ավաններից մեկի առանձնատանը դաժանորեն սպանվել է ԱՄՆ-ում ապրող 74-ամյա Արման Ազաքը։

Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 30-ին Արմանը Ազաքը երեկոյան 19։00-ի սահմաններում զանգահարել է ժանդարմերիա եւ հայտնել, որ ինքը դանակով հարձակման է ենթարկվել։ Առանձնատուն մեկնած ժանդարմերիայի ծառայողներն ու շտապօգնության աշխատակիցները տան սրահում հայտնաբերել են 74-ամյա Արմանի արյան մեջ կորած դիակը։

Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ 74-ամյա հայազգին դաժանորեն ծեծի է ենթարկվել մահակով, որի հետեւանքով մի շարք ոսկորներ կոտրվածքներ են ստացել, ինչպես նաեւ դանակահարվել է 30 տեղից։

Ժանդարմերիան պարզել է, որ սպանվածի գրպաններում եւ տանն առկա մեծ քանակությամբ գումարն ու թանկարժեք իրերը չեն անհետացել, ինչը թույլ է տալիս պնդել, որ սպանությունը կարող է այլ դրդապատճառ ունենալ։  Արձակուրդային ավանը հսկող անվտանգության աշխատակիցները եւ ավանի ղեկավարները կանչվել են ժանդարմերիա՝ հարցաքննության։