Հայաստանում հաշմանդամ քաղաքացիները պաշտպանված չեն, նրանք ունեն սոցիալական, աշխատանքի ու խնամքի կարիք: Այս խոսքերի հեղինակը գյումրեցի 39-ամյա Ալլա Աղաբաբյանն է, ով առաջին կարգի հաշմանդամ է:

«Թեեւ օրենսդրորեն ամրագրված է, որ սահմանափակ կարողություններ ունեցող ՀՀ քաղաքացին ունի հավասար իրավունքներ ու պարտականություններ, իշխանությունները ամենաբարձր մակարդակով ապահովում են հաշմանդամների ինտեգրումը հասարակությանը, սակայն իրական պատկերը բոլորովին այլ է»,- ասել է նա, ով կույր է եւ չի կարողանում քայլել:

Ալլա Աղաբաբյանը ոչ մի հասարակական կազմակերպության չի դիմել, ոչ մեկից ոչինչ չի խնդրել:Մանկուց հաշմանդամ է եղել, ծնողներից զրկվել է վաղ տարիքում ու մենակ է ապրում: Ալլային կամավոր խնամակալ են դարձել երկու հարեւանուհիները, նրանք գալիս են ճաշ պատրաստում, Ալլային կերակրում հոգ տանում նրա մասին:

Նրանք նաեւ Ալլայի ընտանեկան  աղքատիկ բյուջեն տնտեսում են այնպես, որ 26 հազար դրամով հաշմանդամ կինը եւ կոմունալ ծառայություններից օգտվի եւ սնվի ու հոգա առողջական խնդիրները:

«13 հազար դրամ նպաստս է, 13 հազար դրամ` հիվանդություններիս համար գումար եմ ստանում, ես դրանով ինչպե՞ս ապրեմ»,-դժգոհել է հաշմանդամ կինը:

«Կառավարությունը չի կարող իր հաշմանդամ քաղաքացուն պահել: Չէ որ այդ մարդն էլ իրավունք ունի սնվելու, հանգստի, որ ինչ-որ մի տեղ գնա, կամ միջոցառման մասնակցի, բայց այսօր Ալլան անգամ նորմալ սայլակ չունի, որ նստացնեմ վրան ու դուս տանեմ, սայլակն արդեն 10 տարվա է, անիվները պատռվել են, սայլակն ամբողջովին շարքից դուրս է եկել»,-բողոքել է Ալլայի հարեւանուհին` Սեդա Ղազարյանը:

Իսկ Ալլան դժգոհել է, որ ունի առողջական լուրջ խնդիրներ եւ անգամ բժշկի գնալ չի կարող: «Տնից դուրս գալ ոչ կարող եմ, ոչ էլ ուզում եմ: Նյարդային վիճակ է մոտս, կուզեի մի բժիշկ լիներ, գոնե խոսեի, բայց փող չունեցողի դեմքին նայող չկա»,-ասել է նա:

Բացի նյարդային խնդիրներից, հաշմանդամ կինը նաեւ առողջական այլ պրոբլեմներ ունի, տեսողությունն ավելի է վատացել, հիմա մի աչքը  գրեթե չի տեսնում, բայց թոշակավորվելուց հետո նա ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել բժշկի գնալ ու  հետազոտվել կամ գոնե բժիշկների հետ զրուցել:

Ալլան ակնկալում է հասարակական կազմակերությունների, իշխանությունների ու մարդկանց հոգածությունը ու բացատրում, որ այս լայն աշխարհում մյուսների հետ ապրելու ու վերջապես ինտեգրվելու իրավունք ունի նաեւ ինքը: