Թերթը 2000-րդ անգամ է արդեն, որ ընթերցողի հետ հանդիպում է երկար ու ձիգ 22 տարիների ընթացքում: Թերթի առաջին համարը լույս է տեսել դեռեւս խորհրդային իշխանության օրոք, այսպես կոչված «սամիզդատի» տարբերակով, ու, բնականաբար, ուներ նույն տեսքը, ինչ ԽՍՀՄ օրոք ունենում էին իշխանության հավանության չարժանացած բոլոր հրատարակությունները: Այնուհետեւ «Իրավունքը» դարձավ խոշորագույն հասարակական քաղաքական հրատարակությունը մեր երկրում, ձեւավորվեց մի ամբողջ հոլդինք, որը հրատարակում է նաեւ ռուսալեզու թերթեր եւ ամսագիր:

Մենք լույս ենք տեսնում ինչպես խորհրդային շրջանից սկսած, այնպես էլ անկախությունը վերագտած Հայաստանի բոլոր երեք նախագահների օրոք, եւ վստահաբար, մեր երթը երկար է շարունակվելու: Ունեցել ենք վերելքներ եւ դժվարություններ, մեր դեմ փորձել են պայքարել բռնության միջոցով (այդ թվում եւ զինյալ), անձնակազմի դեմ հալածանքներով, շենք խլելով, դատական եւ քրեական հետապնդումներով, սակայն, քանի որ մշտապես պահպանվել է կապը ընթերցողի հետ եւ ընթերցողի աջակցությունը, դիմացել ենք ամեն ինչի: