Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է այն խնդիրները, որոնք պատճառ են դարձել Գարեգին Բ-ի աթոռազրկման պահանջի համար:
Ստորեւ ներկայացնում ենք նախաձեռնության հայտարարության տեքստը.
«Մենք հարկ ենք համարում մեկ անգամ եւս շեշտել այդ պատճառները, քանի որ մինչեւ այժմ մեզ ընդդիմացողների կողմից բարձրացված խնդիրների ու մտահոգությունների փոխարեն հնչել են միայն անհիմն եւ դեմագոգիկ հայտարարություններ:
Կաթողիկոսի աթոռազրկման համար մեր պահաջի պատճառներն են.
1. Կաթողիկոսի անտարբերությունը հայոց լեզվի եւ հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, որն արտահայտվեց նրա համակ եւ շարունական լռությամբ՝ լեզվի օրենքի փոփոխության քննարկումների ու այդ ազգադավ օրինագծի հաստատման ժամանակ… «Հատկապես կարեւորում ենք այս կետը, քանի որ հենց լեզուն ու մեսրոպյան գրերն են, որ դարերով պահպանել են մեր ժողովրդին ու մեր եկեղեցին դարձրել ազգային եկեղեցի, որով եւ ամրացրել են նրա դիրքերը հայ ժողովրդի կյանքում: Այսօրվա իշխանությունները, ընդունելով այդ օրինգիծը, սեփական ձեռքերով գցեցին մեր ժողովրդի կործանամն հիմքերը` Կաթողիկոսի լուռ անտարբերության ներքո:
2. Նրա գահակալության ընթացքում ի կատար ածվող մշակութային եղեռնը մեր միջնադարյան եկեղեցիների ու վանքերի նկատմամբ (եվրավերանորոգման տեսքով):
3. Հոգեւորականության կոռումպացված վիճակը, որը վտանգում է մեր եկեղեցու ապագան:
4. Եկեղեցու եւ ժողովրդի միջեւ առաջացած ահռելի անջրպետը, ինչը թուլացնում է եկեղեցուն՝ խթանելով զանազան աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը:
5. Մարդկանց մոտ ստեղծված անվստահութունն ու անպատշաճ հարգանքը եկեղեցու հանդեպ, որի պատճառն ակնհայտ է
6. Եկեղեցու եւ իշխանության անբնական եւ խնդրահարույց «եղբայրությունը»:
7. Եկեղեցու ներգրավվածությունը գործարար աշխարհում:
Նախաձեռնության անդամները Ազգային Եկեղեցական Ժողովից պահանջում են գրավոր բացատրություն խնդրո առարկայի վերաբերյալ: Մենք վստահ ենք, որ հայ առաքելական եկեղեցում դեռ կան առաքինի հոգեւորականներ, որոնք հետամուտ կլինեն հարցի լուծմանը»:
Հիշեցնենք, որ Faceook-ում «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» խումբը ձեւավորվեց Սանահինի վանական համալիրի անմխիթար վիճակի բարձրաձայնումից հետո, որի հետո մամուլում նշվեց, որ տարիներ առաջ Գարեգին Բ-ն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ներկայությամբ հայտարարել էր, որ գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ:
Ներկայումս «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» խումբն ունի 477 անդամ: Բացիչ այդ խմբից, Facefook-ում հարցում անցկացվեց, «Կո՞ղմ եք որ Գարեգին Բ-ն հեռացվի հայ առաքելական եկեղեցուց» բովանդակությամբ: Հարցման 3471 մասնակիցների շուրջ 80 տոկոսը դրկան պատասխան էր տվել հարցմանը:
Գարեգին Բ-ն այս կապակցությամբ հարցազրույցում նշել էր, որ իր հրաժարականը պահանջողները քաղաքական շահերով են առաջնորդվում, պատվեր են կատարում եւ տկարացնում եկեղեցին:




























