Այսօր` օգոստոսի 9-ին, ժամը 22-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Վահագն Գեւորգյանը:

Հելսինկյան Ասոցիացիան տեղեկացնում է, որ ժամը 22.00-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երեւանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են նրանցից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են նրանց վրա, ծեծել վերջիններիս, այնուհետեւ` բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին: Տիգրան Առաքելյանը,Վահագն Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը ծեծի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ:

Ժամը 22:30-ի դրությամբ երիտասարդները դեռեւս գտնվում էին ոստիկանության բաժանմունքում. նրանց չի թույլատրվել տեսակցել իրենց փաստաբանների հետ:

Նկարում` ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները ոստիկանությունում