Անթալիայում նոր օրինագիծ է դրվել շրջանառության մեջ, որը թույլ է տալիս վերացնել այն դեպքերը, երբ Թուրքիայում անշարժ գույք ունեցող օտարերկրացիների ժառանգները զրկվում էին ժառանգության իրավունքից` սեփականատիրոջ մահից հետո: Այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն:

Թուրք պաշտոնյաների խոսքով, քայլեր են ձեռնարկվել, որոնց նպատակը մահացած սեփականատերերի հնարավոր ժառանգներին գտնելն է: Հիմա երբ օտարերկրացին մահանում է այդ տարածաշրջանում, ծնունդների գրանցման բյուրոն այդ տեղեկությունը փոխանցում է Անթալիայի եկամուտների վարչություն եւ ֆիսկալ վարչություն:

Ֆիսկալ վարչությունը սկզբում ճշտում է, թե արդյոք մահացածն իր անունով ունեցե՞լ է որեւէ անշարժ գույք: Եթե այդպիսին կա, այդ հարցով հարցում է ուղարկվում համապատասխան դեսպանություն: Այդ ժամանակ ունեցվածքը ժամանակավորապես անցնում է պետությանը, մինչեւ հայտնվի ժառանգորդը, հաղորդում է Radikal-ը:

Թուրքական Ալանիայի շրջանն ընտրվել է որպես պիլոտային տարածաշրջան: Ալանիայում անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի ղեկավար Քերիմ Բալըքթայն ասել է, որ նոր կարգը դրական է գնահատում: Նրա խոսքով, արտասահմանցիներին է պատկանում շուրջ 100 հազար միավոր անշարժ գույքի, որի  20 տոկոսը գտնվում է Ալանիայում: