Ֆլորիդայում կրկին հայտնաբերվել են աֆրիկյան հսկա ցամաքային խխունջներ, որոնք կարող են ուտել շենքերի գիպսն ու սվաղը, ոչնչացնել բույսերի հարյուրավոր տեսակներ եւ կրել հիվանդություններ, որոնք ազդում են մարդկանց վրա: Պաշտոնյաները հայտնել են, որ վնասատուներին ոչնչացնելու աշխատանքներն արդեն սկսվել են, գրում է AP լրատվական գործակալությունը։

Մինչեւ 20 սանտիմետր երկարություն ունեցող խխունջները հայտնաբերվել են Տամպա ծովածոցից հյուսիս: Ավելի վաղ երկու անգամ ոչնչացված այս կենդանիները կրկին հայտնվել են, ամենայն հավանականությամբ, էկզոտիկ կենդանիների ապօրինի միջազգային առեւտրի արդյունքում։

«Մենք կոչնչացնենք այս խխունջներին: Մենք դա նախկինում նախկինում արդեն արել ենք եւ նորից կանենք»,- ասել է Գյուղատնտեսության եւ սպառողական ծառայությունների պետական ​​դեպարտամենտի հանձնակատար Նիկի Ֆրիդը։

Այս տեսակի խխունջները հայտնաբերվել են նաեւ Հավայան կղզիներում եւ Կարիբյան ավազանի որոշ տարածքներում, այդ թվում՝ Կուբայում, որտեղ պայքարում են կղզին վնասատուներին մաքրելու համար:

Հայտնի է, որ վերոնշյալ տեսակին պատկանող խխունջները ուտում են 500 տարբեր տեսակի բույսեր, ինչը սպառնում է գյուղատնտեսությանը: Նրանք ուտում են նաեւ գիպս եւ սվաղ, ինչպես նաեւ ծառերի կեղեւ: Բացի այդ խխունջները կրում են «առնետի թոքերի որդ» կոչվող մակաբույծը, որը մարդկանց մոտ մենինգիտի առաջացման պատճառ կարող է դառնալ: